Երեկ, ցավոք, ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց ՊԲ-ն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Կա արդեն պաշտոնական հաղորդագրություն տուժած քաղաքացիական անձանց մասին»,- ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը՝ կոնկրետ տվյալ բնագիծը, թեև որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը։
«Նույն ժամանակ նախկինում նշված Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ՝ փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են՝ Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում։ Որոնողական և ջախջախման գործընթացներն այս ուղղությամբ շարունակվում են»,- հայտնեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հակառաորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։
«Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, բայց շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր։ Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ։ Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ։ Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, հակատանկային միջոցը ձեռքին տանկ է խոցում, կանգնած է զինվորի, կամավորականի կողքին։ Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք․ սա մեր գոյության կռիվն է»,- շեշտեց Հովհաննիսյանը։