Ուրալյան Կուրգան քաղաքի բժիշկները հայտարարել են տարածաշրջանում «կորոնավիրուսի հսկայական անվերահսկելի համաճարակի մասին» և խնդրել են Ռուսաստանի նախագահին ռազմական բժիշկներ ուղարկել, «քանի դեռ մարդիկ չեն սկսել մահանալ փողոցներում»՝ գրում է BBC-ն:
Դիմումի հեղինակները տարածաշրջանային իշխանություններին մեղադրում են համապատասխան միջոցներ չձեռնարկելու, խնդրի մասին լռելու և տվյալները ճիշտ չներկայացնելու համար:
Կուրգանի բժիշկները դիմումում գրել են «բացարձակապես բոլոր ձեռնարկություններում անվերահսկելի խոշոր բռնկումների մասին»: Դա են վկայում վարակվածության բարձր մակարդակը հիվանդանոցների և կլինիկաների բժիշկների շրջանում, ինչպես նաև տարածաշրջանի կառավարության կազմում, մարզպետարաններում, առողջապահության և «Ռոսպոտրեբնադզորի» մարզային բաժանմունքներում:
«Նույնիսկ Իտալիայի Լոմբարդիան ամենավատ շրջանում Կուրգանի համեմատ պարզապես հեքիաթ է»,- գրել են տարածաշրջանի բժիշկները: