Ռուսաստանից և Ֆրանսիայից հետո կրակը դադարեցնելու նախաձեռնությունստանձնեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահ վերջին՝ երրորդ երկիրը՝ ԱՄՆ-ը: Փաստաթուղթը, որը տեսնում եք, ԱՄՆ պետքարտուղարության կայքից է: Նշվում է, որ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 08-ին: Շատ չանցած հայտարարություն տարածեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ մանրամասնեց. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 24-ին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ և վերահաստատել իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ:
Հրադադարի հաստատման պայմանավորվածությունը ողջունեցին Երևանը և Ստեփանակերտը:
Հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին շնորհավորեց ԱՄՆ նախագահը, Թվիթերում գրեց՝ երկու երկրի ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:
Հրադադարի պայմանավորվածությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` այն համարելով «թեթև դեպք»: Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ դա հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անում:
Համատեղ հայտարարություն տարածեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշելով՝ արտգործնախարարների հետ քննարկել են հումանիտար հրադադարի անհապաղ իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն՝ համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը:
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռ 08-ը չլրացած շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու համար, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկությունը՝ հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծում են ադրբեջանական դիրքերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում: