Ողջ ընթացքում մենք եղել ենք առավելագույն ճկուն և այդ ճկունության ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդպես է եղել դեռ մինչև պատերազմը:
«Այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել տեսական կամ գործնական մակարդակի՝ ճկունությունն ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար։ Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք՝ դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հարցրեց՝ արդյոք հայ ժողվուրդը պատրա՞ստ է փոխզիջումների։ «Ես կարծում եմ՝ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի։
Ինչքան էլ անհնար է թվում, մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու: Հաշվի առնելով նաև մեզանից ակնկալվող միջազգային ճկունությունը՝ պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտ, բայց, մյուս կողմից, անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջն այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրության համար Հայաստանը պետք է լինի կառուցողական, միաժամանակ պաշտպանի իր շահերն ու Ադրբեջանին կարողանա հակել փոխզիջման ընդունելիության: