Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ ռումինահայերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախին և Հայաստանին։
«Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին օրերից ի վեր ռումինահայ համայնքը բոլորակերպ իր աջակցությունն է ցուցաբերում պատմական Հայրենիքին:
Համայնքային կառույցների և անհատների նախաձեռնությամբ նվիրատվություններ են հանգանակվում «Հայաստան» համահայկական և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին, ինչպես նաև կազմակերպվում են տարաբնույթ նախաձեռնություններ՝ բողոքի ակցիաներից ու հիշատակի միջոցառումներից մինչև հումանիտար օգնության տրամադրում:
Ամենահուզիչը ռումինահայ երեխաների ու երիտասարդների խորհրդանշական նախաձեռնությունն է՝ նվիրատվություններ հանգանակելու նպատակով աղոթքի գլխաշորերը հայկական զարդանկարներով նախշազարդելը:
Ռումինահայոց միության ու Ռումինահայոց թեմի, ինչպես նաև առանձին անհատների ջանքերով Ռումինիայի հասարակական և պետական կառույցներին ու ինստիտուտներին տրամադրվում է իրավիճակը լուսաբանող տեղեկատվություն, կատարվում է պատշաճ իրազեկում»,- ասված է հայտարարությունում։