Ֆրանսիայի հայ համայնքը ցույց է անցկացրել Փարիզում, որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ:
«Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշել է, որ ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ կոչ անել Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի անկախությունը:
«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են բնաջնջել Արցախի բնակչությանը, ձեռք գցել Արցախին, նաև Հայաստանի հարավին: Եթե չենք ուզում, որպեսզի նոր ողբերգություն տեղի ունենա, ժամանակն է, որ Ֆրանսիան և միջազգային ընտանիքը պատշաճ արձագանք տան կատարվող իրադարձություներին»,- ասել է նա:
Անդրադառնալով Թուրքիայիում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու որոշմանը՝ Փափազյանն ասել է, որ դա անբավարար քայլ է: «Պետք է պատժել Էրդողանին, Թուրքիայի նախագահն իրավունք չունի այդպես խոսել Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հետ»,- ընդգծել է նա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան պետք է պահանջի, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, նաև դադարեցվի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: