Կիրակնօրյա Սուրբ Պատարագը չավարտված՝ Նորքի Սբ Աստվածածնում բարձր, միալար ղողանջ է...
Եկեղեցու զանգերը 10 րոպե՝ իրար փոխանցելով հնչեցվում են՝ Հաղթանակի սպասումով: Մայր Աթոռից հրահանգված է. չլռել, մինչև հաղթությունը գա: 9-րդ օրն է՝ ուղիղ կեսօրին Հայ Առաքելական բոլոր տաճարներում աղոթք է բանակի համար. Տե՛ր, փորձանքներից հեռու պահի մեր զինվորին:
Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան (ԱՀԹ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ) - Եթե մարդը Աստծուց հեռու է մնում, հերթով բոլոր փորձանքները գալիս են անխնա և անխտիր:
Պատերազմն ինչ սկսվել է՝ ավելի շատ հոգեհանգիստ ու թաղման կարգ են կատարում, քան պսակադրություն, կսկիծով արձանագրում են հոգևոր հայրերը: Սփոփում այս օրերին եկեղեցում խաղաղություն փնտրող մտամոլոր մայրերին, սահմանապահ տղաների սիրելիներին: Վերջին շրջանում Աստծո տան դռները նույնիսկ գիշերը չեն փակում. հերթապահությամբ մի եկեղեցի միշտ բաց է՝ քահանայի հետ խոսելու, մոմ վառելու համար:
Գնդերեցներն են՝ սահմանին: Ռազմական գործողությունից առաջ՝ անտառում: Զինվորին Ամենակարող Խաչի ուժը փոխանցելու համար մկրտում են տղաներին: Իրենց հետ տարած Սուրբ Մյուռոնով հավատ ու հույս տալիս մարտի մեկնողներին:
Մկրտություն, նաև պսակ՝ մի քանի օր է թիկունքում էլ են սկսել անել: Սա էլ պայքարի ձև է՝ բակում կանգնած նորահարս-փեսային նայելով ասում է Տեր Զաքարիան: Հարսանիքների հոկտեմբերն այս տարի անսիրտ եղավ: Ստիպված՝ պատերազմի ժամանակ ամուսնացողների առաջ կես կատակ պայման են դնում՝ պետք է գոնե երկու տղա ունենան, մինչև կռվից կվերադառնան «Տեր եմ» խոստումը հետաձգած երիտասարդները:
Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան - Փեսան հարսանիքի օրը գնաց, մի դեպք ունենք՝ զանգեց, ասաց՝ Տեր հայր, ջան գնում եմ ռազմաճակատ, գամ՝ կպսակվեմ... հիմա մենք սպասում ենք, որ գալու ա ու պսակվի...
Խոստում է տվել՝ պիտի պահի, վստահ է Տեր հայրը: Թշնամին որևէ մեկին թուլանալու իրավունք չի տալիս: Կոտրվել չկա: Եթե ծնկի իջնել՝ միայն Աստծո առաջ: