«Մարտական խաչ» 1-ին աստիճանի նոր շքանշանակիրը գնդապետ Արշավիր Ղուլյանն է։ Պատերազմի դաշտում նրա հստակ հաշվարկով հրետանու աշխատանքը կազմակերպվել է բարձր վարպետությամբ. արդյունքում ջախջախված են թշնամու մեծաթիվ ուժեր։
Պետական այս բարձր պարգևին նաև փոխգնդապետ Մանուկ Մելքոնյանը կարժանանա՝ հարավարևելյան ուղղությամբ յուրային ուժերի բնագծերը հերոսաբար պաշտպանելու համար:
Ավագ սերժանտ Արման Ներսիսյանը, շարքայիններ Նարեկ Ավագյանն ու Արտյոմ Ադամյանն էլ կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Նրանց տանկային անձնակազմը հակառակորդի մեկ տանկ է ոչնչացրել, աչքի է ընկել նաև այլ արդյունավետ քայլերով։
Ոչ պակաս արիության համար մեդալի է արժանացել նաև ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Փաթյանը։ Հակառակորդի կրակի տակ շտապօգնության մեքենայով նա տարհանել է վիրավոր զինծառայողներին։
Արցախի նախագահը «Մարտական ծառայություն» մեդալներով էլ կպարգևատրի ավագ սերժանտ Ավագ Մինասյանին, սերժանտներ Մհեր Աղաջանյանին, Սամվել Լալաբեկյանին, կրտսեր սերժանտ Սևակ Մարգարյանին ու շարքային Սմբատ Առաքելյանին։
Նրանք ոչնչացրել են թշնամու Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետերն ու շարասյուները: