Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բանակին օգնելու գործին սեփական նախաձեռնությամբ միացել են նաև առանձին աշակերտներ ու դպրոցներ: Հայաստանի տարբեր բնակավայրերից բազմաթիվ փոքրիկներ նվիրատվություն են կատարում. անվարան նվիրում են թե՛ իրենց երազանքի համար խնայատուփերում տարիներով կուտակած գումարները, թե՛ իրենց կազմակերպած փոքրիկ նախաձեռնություններից ստացված հասույթը: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արմավիրցի Վահեն առաջիններից էր, որ ընկույզ վաճառելով սկսեց օգնել զինվորին. 100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց: Օրեր շարունակ դասերից հետո 6-ամյա փոքրիկը ընկույզ է վաճառել ու ստացված գումարը փոխանցել հիմնադրամին: Վահեի օրինակը վարակիչ է դարձել: Փոքրիկ Աննան, օրինակ՝ տարբեր ֆիգուրներով գիպսեր է պատրաստում, թևնոց գործում ու վաճառում: Ասում է՝ իր համար վիրավորական է, որ գումարը տալիս են առանց ապրանքը վերցնելու: Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի աշակերտները վեց օր շարունակ դիմակ են վաճառել քաղաքացիներին՝ այդպիսով իրենց ազգանվեր ներդրումն ունենալով թե՛ թիկունքի, թե՛ ճակատի համար: Վաճառքի գումարը կազմել է 1.766.500 դրամ և տրամադրվել հիմնադրամին: Լոռու մարզի Մեծավան գյուղի փոքրիկ բնակիչները գումար են հավաքել և շուրջ 68 հազար դրամը ներկայացրել են համայնքապետարան, որ փոխանցեն հիմնադրամին:
Սահմանին օգնության են հասել նաև սահմանաբնակները: Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների նախաձեռնությամբ արքայանարինջ են վաճառում: Աշակերտների խոսքով՝ գյուղում շատերն արքայանարնջի ծառեր ունեն, և երբ լուրը տարածել են, բոլորը մեծ պատրաստակամությամբ օգնել են իրենց. «Ասում էին՝ ինչքան պետք է, եկեք քաղեք»:
10-ամյա Թինան հեծանիվ ունենալու երազանքը փոխարինել է հաղթանակի սպասումով՝ 51500 դրամ փոխանցելով հիմնադրամին: Թինային է միացել նաև նրա քույրիկը՝ 11-ամյա Սոնան՝ 71800 դրամով: Քույրիկների երազանքն այժմ ոչ թե հեծանիվն է, այլ ուղղաթիռը, որը պետք է գնվի բանակի համար իրենց փոքրիկ ներդրումով: Էլեն ու Մերի քույրիկները ևս ամիսներ շարունակ հավաքած գումարով սքեյթ ու տիկնիկներ գնելու փոխարեն այն փոխանցել են հիմնադրամին՝ հանուն խաղաղության ու անհոգ մանկության: Մհերը 2 տարի գումար էր հավաքել Եգիպտոսը տեսնելու համար, բայց կուտակած գումարով կանգնել է ավագ ընկերների կողքին։ Կիթառահար եղբայրներն էլ նվագում են անցորդների համար և հասույթը նվիրաբերում բանակին:
Մասնավոր դպրոցներից մեկում սովորող 13-ամյա Արեգը հայոց բանակի կողքին է նաև բարձր առաջադիմությամբ, որի համար ստացած 250000 դրամ կրթաթոշակն ամբողջությամբ նվիրաբերել է հիմնադրամին: Բազմաթիվ երեխաներ էլ իրենց աշխատանքով են աջակցում թիկունքին՝ օգնելով ծնողներին ու ավագ ընկերներին: Ոմանք մասնակցում են բանակի համար հոսանքի փոխակերպիչների արտադրության գործընթացին: