Եթե այս պատերազմը մեր՝ հայության և պետության լինելիության գոյապայքարն է, հետևաբար կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին:
«Հաղթել՝ նշանակում է մեր անվտանգությունը, հաղթել՝ նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ, հաղթել՝ նշանակում է հակառակորդին խնդիրներից զրկել։ Ամենքս կարող ենք մեզ այս հարցը տալ։ Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը պատրաստ է իբր դադարեցնել կրակը։ Ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունը իր վրայից գցող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես որևէ կրակի դադարեցման և խաղաղության ցանկություն չունի, շարունակելու է պատերազմական գործողությունները, հետևաբար՝ շարունակվում է մեր լինելիության և մեր գոյապայքարի պատերազմը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։