Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
Նամակում, մասնավորապես, նշված է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց ապագան որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության՝ աներկբա կերպով հայտարարելով, որ թույլ չի տա, որ չարը հաղթի:
Մասիս Մայիլյանը Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել արցախցիների խաղաղ ապրելու ձգտումներին հաստատուն աջակցության համար՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին: