Այս պատմական օրերին կարևոր է փառաբանել նաև մեր հաղթական բանակին միացած կամավորականներին, որոնք առաջնագծի տարբեր հատվածներում ուղղակի հերոսական սխրանքներ են գործում մեր կանոնավոր զորամիավորումների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Գերագույն հրամանատարի՝ օրեր առաջ հնչեցրած կոչին, որը, առաջին հերթին, ուղղված էր ՏԻՄ ղեկավարներին, ժամերի ընթացքում արձագանքեցին բազմաթիվ մեր հայրենակիցներ։ Նրանք, հաշված ժամերի ընթացքում արձագանքելով մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի հայտարարություններին, կազմել են ջոկատներ և մեկնել առաջնագիծ։
Նրանցից շատերն արդեն իսկ կատարում են մարտական առաջադրանք՝ տեղում իրականացնելով հայ ժողովրդի՝ Արցախում ազատ և երջանիկ ապրելու իրավունքը։ Անհնար է նկարագրել այն ոգևորությունն ու հաղթական ոգին, որ փոխանցում են սահմանին կանգնած մեր կամավորականները։ Նրանց հաղթելն անհնա՛ր է։ Մե՛զ հաղթելն անհնար է։ Հաղթելո՛ւ ենք։ Վստա՛հ եղեք»,- գրել է Հայրապետյանը: