«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ռազմական գործողությունները հյուսիսից մինչև հարավ։ Նախ հյուսիսում վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ որոշակիորեն զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Հադրութից՝ հյուսիս, Մարտունիից՝ հարավ, մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղին հարակից անտառներում նկատվել են դիվերսիոն խմբեր, այլ հատվածներում շարունակվել են դրանց որոնման և ոչնչացման աշխատանքները։
«Որպես կանոն՝ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ ստորաբաժանումները»,- նշեց Հովհաննիսյանը։
Ողջ օրվա ընթացքում հարավային ուղղությամբ դեպի հյուսիս և դեպի արևմուտք հակառակորդը ձեռնարկել է տասնյականգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր՝ ասաց Հովհաննիսյանը: