Ադրբեջանին հրադադար պահպանել ստիպում են բոլոր կողմերից, մինչդեռ նախագահ Իլհամ Ալիևը նախապայմաններ է առաջադրում խաղաղ բնակիչներին չսպանելու համար: Հրադադարից հրաժարվելու միջոցին Ռուսաստանն է Ադրբեջանին փոխանցել Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների տվյալները և նշել՝ եթե Ալիևը չգիտի նրանց գոյության մասին, նշանակում է, որ իր դեմ են խաղ սկսել: Հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահը: ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը դրդում է ընդունել հրադադարի ռեժիմը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայանն ասել է CBS հեռուստաընկերությանը:
Ռոբերտ Օ՛Բրայան (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական) - Մենք ամբողջ հանգստյան օրեր ենք ծախսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելու համար: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիայի նախագահին էլ ասելիք ունի. Էրդողանին քիչ են Արևմուտքի հետ բարդ հարաբերությունները, հիմա էլ Ֆրանսիայի նախագահին է վիրավորում՝ նրան հոգեբուժական ուսումնասիրության ուղարկելով:
Այսօր Մալաթիայում Էրդողանը նորից Ֆրանսիայի նախագահին հոգեկան խնդիրներ ունեցող է անվանել, նորից ԱՄՆ-ին ասել է, որ նա չի հասկանում, թե ում հետ գործ ունի: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել:
Վալերի Բուայե (պատգամավոր, Ֆրանսիա) - Էրդողանը կրկին վիրավորեց Ֆրանսիայի նախագահին: Ես խնդրում եմ նոր ուժեղ միջոցներ ձեռնարկել՝ մեր դեսպանի հետկանչ, Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրսմղում, ԵՄ մուտքի համար բոլոր բանակցությունների ավարտ, տնտեսական պատժամիջոցներ:
Էրդողանի այս վարքն արժանացել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր հանձնակատարի կոշտ գնահատականին: