Հանրապետության երրորդ քաղաքը ևս ամուր է պահում թիկունքը: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գործող բազմաթիվ ընկերություններ մինչև պատերազմը և հատկապես պատերազմի այս օրերին ռազմական բնույթի ծրագրեր են իրականացնում, որոնցից շատերը գաղտնի են պահվում: Անհրաժեշտության դեպքում փակագծերը կբացեն հաղթանակից հետո, սակայն ծրագրերից մեկի մասին դեմ չեն խոսելու:
Պատվական Հախինյան (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն) - Վանաձորի բժիշկները գիտեին մեր կարողությունների մասին, մոտեցան մեզ և ասացին, որ այսպիսի սարքերի կարիք կա, որոնք շատ անհրաժեշտ են զինվորների բուժման համար, հատկապես բեկորային կոտրվածքների դեպքում, և դա մեզ համար դժվարություն չէր: Մենք մեր անձնակազմով, Երևանի ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ այդ նյութերը գնեցինք և սկսեցինք արտադրել:
Այս արտադրությունը հաղթանակից հետո կարող է դառնալ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հերթական ձեռքբերումը՝ գործող մշտական արտադրության ձևով. այն հնարավորություն կտա նման սարքավորումներ մատակարարել ոչ միայն Հայաստանի առողջապահական հաստատություններին, այլև դուրս գալ ԵԱՏՄ շուկա:
Էդվարդ Հակոբյան (Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ վնասվածքաբան) - Դա ոսկրերի ֆիքսացիայի ապարատ է, որը ստացել ենք տարբեր տեղերից, բավականին թանկ արժե:
Այս սարքավորումներն անհետաձգելի կերպով հանձնվում են հոսպիտալներին, քանի որ ժամանակի կորուստը վտանգում է մեր զինվորների առողջության լիարժեք վերականգնման հնարավորությունը:
Էդվարդ Հակոբյան - Ապարատը որ տեղում հավաքել ենք, կարելի է ասել՝ ոչ մի բանով չի զիջում ֆիրմային տարբերակներին:
Նման սարքավորումները առավելապես կիրառվում են այն դեպքում, երբ բժշկական առաջնային օղակներում բուժվողների թիվը մեծ է, և մինչև հիվանդին կուղարկեն թիկունքային մեծ հիվանդանոցներ: Հենց այս սարքերն են ապահովում հետագա արդյունավետ բուժումը: