Արցախում ծանր պատերազմը Տավուշում չի կանգնեցրել խաղողի բերքահավաքը: Ոչ մի օր գործը չի ընդհատվել ո՛չ այգիներում, ո՛չ մթերող կազմակերպություններում: Սահմանային Այգեձոր գյուղից Վարդանը 12 տոննա խաղող է հանձնել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ, 6 տոննան էլ` Իջևանի գինու գործարան:
Վարդան Սիմոնյան - Մի հա խաղողի այգի ունեմ, մոտ 20 տ բերք եմ էս տարի ունենում, էս տարվա բերքը հզոր ա:
Քանի որ բերքն այս տարի աննախադեպ առատ էր, մթերման հետ կապված խնդիրները նախօրոք են կարգավորվել:
Հայկ Չոբանյան (Տավուշի մարզպետ) - Դեռևս մայիսին մենք բոլոր մթերող կազմակերպությունների հետ խորհրդակցություններ ենք անցկացրել, որպեսզի համոզված լինենք, որ որևէ խնդիր չենք ունենալու, այդպես էլ կա: Պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ լրացուցիչ քանակ ևս մթերելու:
Բերդում մթերումը կատարվել է նախապես կազմված ժամանակացույցով, մեքենաները ժամերով հերթ չեն կանգնել, գործընթացը տևել է 5 րոպե: Այս տարի մասնաճյուղը մարզի խաղողագործների հետ թեև 3900 տոննայի պայմանագիր ուներ, բայց ընդունել է 5434 տ, 1 կիլոգրամը՝ 155 դրամով, 5 դրամով ավելի նախորդ սեզոնից:
Գարիկ Վարդանյան (Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի կառավարիչ) - Կոնյակի գործարանի ղեկավարությունը Տավուշում որոշել է, որ գնվի ամբողջ խաղողը, նաև որոշ քանակ ավելի:
Վարագավանցի Սոս Կարապետյանը 15 տ բերքի մեծ մասը մասնաճյուղին է հանձնել:
Սոս Կարապետյան (Բերդ համայնքի Վարագավան գյուղի բնակիչ) - Գործարանի հետ ունենք 10 տոննայի պայմանագիր, գոհ ու շնորհակալ ենք:
Որպեսզի խաղողի հավելյալ քանակի ընդունումն անխափան լինի, Բերդի մասնաճյուղը մոտ 860 տ խաղողին համարժեք գինենյութը տեղափոխել է Այգավանի մասնաճյուղ: Մեկ մարդու պես նախատեսվածից ավելի քանակով խաղող են ընդունել մարզի գրեթե բոլոր մթերողները, 1600-ի փոխարեն Իջևանի գինու գործարանն ընդունել է 1860 տ, և դեռ շարունակվում է:
Ընդհանուր առմամբ, մարզում մթերման նախատեսված քանակը 8060 տոննա էր, վերջին տվյալով այն արդեն հասել է 9356,5 տոննայի: Թեև բոլորիս սիրտն Արցախում է, բայց ասում են` այս ճակատում էլ իրավունք չունենք ձախողել, Տավուշը և՛ սահման է, և՛ թիկունք: