Արևի երկրում՝ ժայռերից տաքացող ձորում, Մեղրիում, հատկապես աշնանը, գույները խամրում են, երբ հայտնվում են քաղցրահամ «վարագույրները»՝ կախված պատշգամբներից:
Աշնանը՝ Արաքսի տաք հովտում, արևը օգնում է մարդկանց՝ նախ բերքը քաղցրանա, հետո էլ չիրը չորանա։ Մրգերից արքայանարինջը շատերին է բերում Մեղրի։ Խնդիրը միայն տեսնելը չէ: Վերջին տարիներին արքայանարինջը մեղրեցիների բիզնես սկսելու լավագույն տարբերակն է:
Մրգից չիր ստանալ՝ պետք է 2 շաբաթ, մաքրում են, կախում թելերից, հետո էլ արևի տակ՝ պատշգամբներից: Դա միայն առաջին փուլն է: Ժամանակի ընթացքում մեղրեցիները մշակեցին որակյալ չիր ստանալու իրենց տեխնոլոգիան: Ինչպե՞ս՝ Արաքսն է բացատրում՝ սեփական փորձով:
Արքայանարինջը կայուն եկամուտ դարձնելը Արաքսից մեկ տարի պահանջեց: Սկզբում միայն այգու բերքն էր չիր դարձնում։ Հասկացավ՝ կարելի է գնել, մեծացնել ծավալները: Չրի պահանջարկի մեծանալուն պես՝ նոր տարածք կվերցնի, չորանոց կդարձնի, հիմա պատշգամբը դեռ բավական է:
Արքայանարնջի չիրը մեծ պահանջարկ ունի Մեղրիից դուրս: Վերջնական փուլից հետո սկսվում է արտահանումը: Ամեն ինչ կարգավորվում է պայմանագրերով՝ Մեղրիից Երևան, հետո նաև՝ սահմաններից դուրս: Կիլոգրամը վաճառում են 2500-3500 դրամով՝ կախված տարվա պահանջարկից։
Այս տարվա եկամուտը, մտածել են՝ կվաճառեն, մեծ մասը կուղարկեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեղրին էլ է սահմանապահ, գիտեն՝ ինչ է նշանակում լինել սահմանապահ:
Մարիետա Խաչատրյան (չրագործ) - Տանս ամեն ինչը կուղարկեմ, թող զոհ չլինի, միայն խաղաղություն լինի, մենակ դա եմ ուզում:
Արաքս Կարապետյան (չրագործ) - Ցանկանում ենք նպաստել զինվորների բարեկեցությանը, կկարողանանք օգնել, չրից եկած վաճառքի գումարից կօգնենք մեր զինվորներին:
Քանի դեռ չիրը չի չորացել, մեղրեցիները այգու բերքը, տաք հագուստներ, ինչ պատահի՝ սահման են ուղարկում՝ հանկարծ պակաս բան չլինի: Տիկին Մարիետան ի լուր աշխարհի է հայտնում՝ հույս չունենաք, մենք մեր հողին կպած ապրել, ապրելու ենք: Միայն թե զոհ չլինի:
Մարիետա Խաչատրյան - Հաղթելու ենք, միայն հաղթանակ, մեր տղերքը ուժեղ են, թող զոհ չլինի, վերջինը լինի ինչ լսել ենք:
Հարավում՝ Արաքսի ափին, սահմանապահ Մեղրիում կյանքը եռում է ճիշտ ժայռերի պես՝ տաքացնում քաղաքը: Բերքը հասել է, չիրն էլ կհասնի: Անհատներ ու շատ ընկերություններ արդեն հերթի են կանգնել, որ գնեն քաղցրահամ չիրը:
Դրան զուգահեռ, մեղրեցիները նոր տարածքներ են վերցնում, ավելի մեծ այգիներ հիմնում, որ Մեղրի այցելող հյուրերին ավելի տպավորիչ պատմեն մրգերից պատրաստվող քաղցրահամ «վարագույրների» մասին: