Անձրևը չէր դադարում, չէր էլ խանգարում: Կանաչ մայրցամաքում հայությունը օրը սկսեց խոշոր քաղաքների գլխավոր պողոտաներից՝ քայլերթով դեպի կենտրոնական հրապարակներ:
Մի քանի ժամ հրապարակներում, հետո՝ Սիդնեյում, Մելբուռնում, մի մասը ոտքով, մի մասն էլ՝ ավտոերթով՝ անփոփոխ պահանջով՝ ճանաչել Արցախի անկախությունը, միաժամանակ քննադատելով թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի հարցում Ավստրալիայի լռությունը:
Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան (Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդ) - Արցախի ժողովուրդը կռվում է իր անկախության համար, նրանք պայքարում են ու հավատում, որ հաղթելու և կասեցնելու են ագրեսոր Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Մենք կոչ ենք անում Ավստրալիայի կառավարությանը խոսել արդարության և խաղաղության տեսանկյունից: Մենք աղոթում ենք հայ զինվորի համար:
Սիդնեյում հայությունը կառավարությանը կոչ է արել՝ նավթային դոլարների դիմաց չլռել, մարդկանց ապրելու իրավունքն անգին է: Հայկական խորհրդի անդամները պահանջել են՝ հրապարակային դատապարտել ագրեսիան: Երիտասարդները խոստացել են՝ կդիմեն ծայրահեղ քայլերի, եթե լռեն, լռությամբ նպաստեն նոր ցեղասպանության:
Քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները բոլորին տեղեկացրել են՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հանցագործություն, որի մասին աշխարհը լռում է:
Արևմտյան կիսագնդի հյուսիսում՝ Կանադայում մի քանի օր է՝ տարբեր քաղաքներում հայերը անցնում են քայլերթով՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Բոլոր քաղաքներից հիմա էլ հավաքվել են մայրաքաղաք Օտտավայում:
Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի՝ հայերը դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու դեմ: Հիմնական ելույթները եղել են Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:
Բաբկեն արքեպիսկոպոս Չարյան (Կանադայի Հայոց թեմի առաջնորդ) - Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում:
Կանադահայերը խորհրդարանի շենքի մոտ տեղեկացրին՝ չեն լռելու, ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև աշխարհը հասկանա՝ լռություն՝ նշանակում է աջակցություն ահաբեկչությանը: