Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Լիտվայում՝ փոխանցում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերության կայքը:
Լիտվայի հայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչները ու նրանց աջակիցները երթ են կազմակերպել Վիլնյուսում խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Մարտինաս Մաժվիդասի գրադարանից՝ անցնելով Վիլնյուսի հին քաղաքով:
«Այսօր պատերազմը շարունակվում է, և թուրք-ադրբեջանական համախմբված ուժերը, հավաքագրելով Սիրիայի ու Լիբիայի ահաբեկչական կազմակերպությունների, Լեռնային Ղարաբաղում պարզապես ոչնչացնում են հայերին: Մենք՝ հայերս, դա անվանում ենք երկրորդ ցեղասպանություն, քանի որ հայ ժողովուրդ այնտեղ ապրել է հազարամյակներ շարունակ»,- հայտնել է Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Լիտվայի հայ համայնքը փորձում է Լիտվայի իշխանությունների ու հասարակության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով դադարեցվի պատերազմը: Հայերը չեն ցանկանում, որ Լիտվայի իշխանությունները լռեն, քանի որ այս երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես և Թուրքիան:
Լուսանկարները՝ Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերության: