Քովիդի պատճառով Ատլանտիկ Քանսըլը (Ատլանտյան խորհուրդ) նույնպես անցել է առցանց աշխատանքային ռեժիմի։ Ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարին՝ մոդերատորն այնուհետև այփադից էր կարդում իրական ժամանակի ռեժիմով տարբեր քաղաքներից ու անգամ տարբեր աշխարհամասերից առցանց եկող հարցերը։
Զոհրաբ Մնացականյան (ՀՀ ԱԳ Նախարար) - Պետքարտուղար Պոմպեոյի և պետքարտուղարությունում մեր մյուս գործընկերների հետ քննարկել ենք այն եղանակները, թե ինչպես անհապաղ կարող ենք հասնել հրադադարի՝ վերադառնալով խաղաղ կարգավորմանը։ Միացյալ նահանգներում շատ գոտեպնդող հայտարարություններ լսեցինք։
Համանախագահ երկրների անհատական և համատեղ ջանքերն են, որ կարող են դադարեցնել արյունահեղությունը՝ նշեց նախարարը։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հրադադարի խախտման դեպքերը հակառակորդի կողմից, խոսեց հայի նկատմամբ թշնամանք ներարկելու ադրբեջանական տխրահռչակ քաղաքականության մասին։
Զոհրաբ Մնացականյան - Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները կռվում են երեք թշնամու դեմ միաժամանակ՝ ուղղակիորեն ներգրավված է Թուրքիան, օտար ահաբեկիչներ են պատերազմում հայերի դեմ, և Ադրբեջանն է պատերազմում։
Երբ մոդերատորը փորձեց խոսակցությունը տանել դեպի տարածքային ամբողջականության չարչրկված սկզբունքը, արտգործնախարարը նրան վերադարձրեց՝ հիշեցնելով ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, և որ արցախյան կարգավորման հիմքում ընկած է աշխարհի կողմից ընդունելի հանրաքվեի առաջարկը։ Համենայն դեպս, բանակցային որևէ ձևաչափ Ադրբեջանին իրավունք չի տվել սպանել հայերին։
Զոհրաբ Մնացականյան - Ագրեսիան տեսանելի էր արդեն ամիսներ առաջ, երբ Թուրքիան և Ադրբեջանը զորախաղերի անվան տակ սկսեցին սպառազինության, հրահանգիչների և ահաբեկիչների փոխադրումն Ադրբեջան։ Դա ցույց էր տալիս, որ այն նույն ապակայունացնող քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում կամ Միջին Արևելքում, արտահանելու էին նաև Հարավային Կովկաս։ Նրանք խրախուսեցին, որ Ադրբեջանում մտածեն, որ խնդիրը կարող է ունենալ ռազմական լուծում։
Այսքանից հետո առցանց ուղարկած հարցին, թե կարո՞ղ են արդյոք Ռուսաստանն ու Թուրքիան խաղաղության երաշխավորներ լինել, նախարարին մնում էր միայն կարճ ասել՝ Թուրքիան՝ ո՛չ։ Մոդերատորի մեկնաբանություններից նկատելի էր, որ նա Ռուսաստանի դերակատարությանը նայում է՝ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների կոնտեքստում, որտեղ ամեն ինչ չէ, որ ավանդաբար հարթ է։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ մեր մոտեցումն այլ է։
Զոհրաբ Մնացականյան - Ձեր հարցը վերաբերում է նրան, թե համանախագահ պետություններն ինչ են մտածում աշխարհի այլ մասերում ուրիշ հարցերով։ Մինչդեռ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է այն նպատակին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում համանախագահների միջև լինեն միասնականություն և մեկտեղում։
Շաբաթ օրը հայկական պատվիրակությունը կավարտի աշխատանքային հանդիպումներն ամերիկյան մայրաքաղաքում։