Պատերազմի 27-րդ օրը ռազմաճակատի տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը շարունակել են մարտերը: Հրթիռակոծվել են Մարտակերտն ու Բերձորը՝ հարակից բնակավայրերով: Թեժ մարտեր են եղել դեպի հարավ՝ Շեխեր, Ջիվանիկ բնակավայրերում ու հարակից գյուղերում: Այստեղ դիվերսիոն-ներթափանցման փորձեր են արվել: Բոլոր փորձերը չեզոքացվել են՝ ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Այս ուղղությամբ կան կոնկրետ հաջողություններ: Մասնավորապես, լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են:
Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ: Հարձակման մի քանի անհաջող փորձերից հետո զգալի կորուստներով հետ են շպրտվել:
Արծրուն Հովհաննիսյան - Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի, փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում ու անտառներում: Բերձորից հարավ, կոնկրետ ուղղությունը՝ դեպի Հաքարի գետով հյուսիս, հետ է մղվել է՛լ ավելի դեպի հարավ:
Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է, մարտերն օջախային են, ու հստակ բնագծեր չկան՝ ասում է Արծրուն Հովհաննիսյանը: Մարտեր են ընթանում տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ, հակառակորդի բոլոր գրոհները չեզոքացվում են:
Արծրուն Հովհաննիսյան - Մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, ոմանց ընկալմամբ՝ տեղային տեղեկությունների հիման վրա թվում են անելանելի, սակայն այդպես չէ: Մեր ուժերը տիրապետում են իրավիճակին:
Թշնամին շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Երեկոյան Ստեփանակերտը ևս մեկ անգամ հրետակոծվել է՝ ասում է Արծրուն Հովհաննիսյանը, դա հիմնականում պայմանավորված է թշնամու անհաջողություններով:
Արծրուն Հովհաննիսյան - Ինչպես տեսնում ենք, պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանն իր կրած անհաջողությունների վրեժը փորձում է լուծել խաղաղ բնակիչներից: Այսօրվա ընթացքում արդեն չորրորդ դեպքն է՝ Արցախի բնակիչների վրա կիրառում է հրետանային միջոցներ:
Շփման գոտում կրակի ինտենսիվությունն առաջին օրերի համեմատ նվազել է՝ ասում է Հովհաննիսյանը:
Թշնամին թուլացել է, սակայն որոշ հատվածներում կրակի խտությունը թեև կարճաժամկետ, սակայն ակտիվ է լինում: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, հասարակության հետ առավել թափանցիկ է: Այսուհետ կփորձեն տեղեկություններ ներկայացնել քարտեզով: Մարտադաշտում իրավիճակն արագ է փոփոխվում, և քանի որ մարտերն օջախային են, քարտեզային տարբերակով հաճախ լիովին անհնար է ներկայացնել իրական պատկերը: