Բանակին օգնելու գործին միացել են բոլորը՝ մեծից փոքր՝ ժենգյալով հաց թխելուց մինչև նկարել: Նկարներում էլ՝ Արցախն է, զինվոր-հայրիկներն ու խաղաղության սպասումը: Խաղաղատենչ նկարները վաճառվելու են, իսկ գումարը փոխանցվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Արցախցի Անդրեյի պատկերած խաղաղությունն է: Կիրակի նա արթնացավ թշնամու ուժգին հրետակոծության ձայնից:
Անդրեյ Հովսեփյան - Քնած էի, քույրս արթնացրեց՝ Անդրե՛յ, շուտ վեր կաց: Ձայներ էին, տանկեր:
Երևանում մոր և քույրերի հետ սպասում է՝ խաղաղությունը վերադառնա, որ տուն գնան: Հայրը զինվորական է: Պաշտպանության բանակի մայորն առաջնագծում, ինքը՝ թիկունքում ամեն ինչ անում են, որ պատերազմն օր առաջ ավարտվի:
Անդրեյ Հովսեփյան - Հայրս ասել ա, որ չվախենանք, և որ Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի ոտքը չի լինի:
Անդրեյն ուզում է զինվոր դառնալ, կռվող տղաների հետ, մեկընդմիշտ Արցախն ազատել ադրբեջանական ոտնձգություններից: Հարազատ Ստեփանակերտը միայն հեռուստացույցով է տեսնում, վայրեր կան, որ տեսնում ու չի ճանաչում:
Պատահական հանդիպումն ուսուցչի հետ մեղմեց կարոտը: Անհամբեր են՝ երբ է Ստեփանակերտում կրկին հնչելու դպրոցի զանգը:
Անուշ Սարումյան (Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան դպրոցի ուսուցչուհի) - Շատ լավ աշակերտ ա, երգում ա, ասմունքում, նվագում, կատարյալ գերազանցիկ: Այսօր հայ ժողովուրդը մեկ երազանք ունի՝ խաղաղություն:
Պատերազմի ու խաղաղության թեման բոլոր երեխաների նկարներում է:
Լանա Հարությունյան (նախաձեռնության հեղինակ) - Շատ կարևոր էր, որ իմանան, որ երկրում ինչքան կարևոր օղակ են, փոքր են, բայց կարող են ավելին անել, քան իրենց տարիքն է:
Միջոցառման խորագիրն է ՝ «Երեխաներն ընդդեմ պատերազմի»: Բանակին օգնելու փոքրերի կոչին մեծերն անտարբեր չեն:
Գումարը կփոխանցեն համահայկական հիմնադրամին: Բանակին օգնելու համար նաև սյունեցի Վանեսան է նկարում: Սոցցանցում տարածված հայտնի լուսանկարի հերոսուհին սպասում է՝ երբ է կրկին գրկելու հայրիկին:
Վանեսա Մարտիրոսյան - Մասիս սարը, Հայաստանի դրոշը: Հայրիկին, մայրիկին...
Ինչ ես ավելացնում՝ ամպեր, արև, կմտածեմ՝ էլ ինչ ավելացնեմ:
Անդրեյի նկարը գնեց Լիլիթը: Այստեղ նա գտավ հրետանավոր նշանածին: Գյումրեցի Հայկ Ալեքսանյանը մասնակցեց մի քանի դիրքի պաշտպանության, ղեկավարեց մարտն ու ընկավ որպես հերոս:
Լիլիթ Մեժլումյան - Ասում էր ՝ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր՝ Արցախը Հայաստանն է և վերջ: Ինքն ասում էր՝ ես քեզ սիրում եմ և վերջ:
Երեխաների նկարները ուժ տվեցին Լիլիթին՝ անելիք շատ ունի՝ աշխարհին կպատմի տղաների սխրանքի մասին: