Հայաստանի դպրոցներն աշնանային արձակուրդն օգտագործում են՝ հանուն զինվորի անվտանգության: 182-րդ դպրոցի աղջիկներն արագ սովորել են քողարկող ցանցեր գործել: Երգելով գործում են, վստահ են՝ կպաշտպանեն առաջնագիծը: Ուսուցիչ, աշակերտ թե ծնող՝ միացել են գործին: Համավարակը հաշվի առնելով՝ փոքր խմբերով ու հերթափոխով են աշխատում:
Արմինե Ավետիսյան (Երևանի 182-րդ դպրոցի ուսուցչուհի) - Ամեն ինչը հաշվի ենք առել, կտորը մետրով առել ենք, ցանցը հատուկ ձեռք բերել, մասնակցել են սովորած ուսուցիչները, ապա՝ երեխաները, ու այսպես դպրոցը լծվել է այս գործին:
Երևանի վարչական շրջաններից և մոտ մարզերից՝ Կոտայքից, Արմավիրից, քողարկող ցանցերը կրթական գերատեսչության առաջարկով այստեղ կհավաքեն և կուղարկեն Արցախ: Փաթեթներին չեն մոռացել ամրացնել այս օրերի հայտնի կարգախոսը:
Գևորգ Մուրադյան (Արմավիրի մարզպետարանի աշխատակից) - Աշխատանքները շարունակվում են, առայժմ բերել ենք 16 հատ, մարզի հանրակրթական դպրոցներից ենք բերել: Որոշակի խմբաքանակ, երբ հավաքվում է, ներկայացնում ենք:
95-րդ դպրոցից ևս եկել են պաշտպանիչ ցանցերի մեծ խմբաքանակով: Զինվորագրվել են գործին ու շուրջօրյա են աշխատում:
Արմեն Բաղդասարյան (Երևանի 95-րդ դպրոցի տնօրեն) - Այս պահին 3 հարթակում գործում են մեծ ցանցեր՝ 4 x 5-ի վրա, այս պահին 6-րդը, 7-րդն է, Մաշտոցի պատին, սա էլ է սիմվոլիկ, 4 հատ ուղարկված է:
Չափում են, կտրում, կարում... Թշնամու համար անտեսանելի ցանցեր պատրաստելն աշխատատար է, բայց մեծ թիմով են գործին լծվել՝ գիտակցելով՝ ամեն վայրկյանը թանկ է: Պատերազմում այս դպրոցի երկու սան է զոհվել:
Ռուզաննա Ալավերդյան (Երևանի 182-րդ դպրոցի տնօրեն) - Կարծեք թե գրվեց նոր պատմություն դպրոցի պատմության էջում, որ շարունակի այն ավանդույթը, որ ունեցել է:
Ռուզաննա Ալավերդյանը նկատի ունի Հայրենական մեծ պատերազմի տարիները, երբ հաստատությունն օգնում էր վիրավորներին:
Երևանի 182-րդ դպրոցը կառուցվել է 1937 թվականին: Այն մեծ դեր է ունեցել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Այն դարձել է հոսպիտալ, և վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել այս պատգարակների վրա:
Բանակը թիկունքից ուժեղացնել փորձում են ոչ միայն քողարկող ցանցերով, նաև հիմնադրամին գումար են փոխանցել թշնամուն խաղաղություն պարտադրելու հավատով ու մեծ հույսով, որ շուտով կլռեն զենքերը: