Արևից՝ բջջային լիցքավորող սարքը բանակի բաժինն է: Պանելը շարժական է, նախագծված առաջնագծում զինվորի օգտագործած հոսանքի ծախսն ապահովելու համար: Կիրառելը պարզից պարզ է. պետք է արևի տակ մի տեղ դնել, և վերջ: Մինի կայանը հավաքած «Շտիգեն» ընկերության ֆեյսբուքյան էջին արդեն նաև լուսանկար կա. սարքը սահմանին՝ դիրքերում: Հեշթեգը՝ արևը կհաղթի նավթին:
Սոցցանցում բաց դրել են նաև կառուցվածքը, ով կարող է՝ պատրաստի:
Մեկ կայանի գինը ստացվում է միջինը 250 հազար դրամի չափ: Զինվորին օգնելու գաղափարը շատերին է համախմբել՝ ասում է ընկերության ղեկավարը:
Հայկ Շեկյան («Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն) - Մեզ արդեն դիմել են տարբեր մարդիկ, ասել, որ պատարստ են գալ մեր արտադրամասում հավաքելու, տրամադրեք կցամասերը՝ եթե կցամասերը լինեն, մենք կարող ենք հարյուրներով արտադրել:
Շուկայում հիմա կցամասերի դեֆիցիտ է, հույս ունեն՝ խնդիրն արագ կլուծվի: Պատերազմի սկզբից քանի՞ կայան են հավաքել, ո՞ւր են ուղարկել՝ հրապարակել չի կարելի: Պատրաստի ևս երկուսը՝ անհրաժեշտ տեղում կլինեն ամենաուշը մեկ շաբաթից:
Հայկ Շեկյան - Սրանցից մեկը գնալու է հյուսիս, մյուսը նոր կազմավորվող ջոկատներից մեկն իր հետ տանելու է, թե որտեղ կլինեն՝ չեմ կարող ասել։
Արևի ուժը հոսանքի վերածող սարքը մոնտաժելիս առաջնահերթ փորձել են լուծել տղաների տուն զանգելու համար հեռախոսը միշտ լիցքավորած պահելու խնդիրը: Այնպես որ սովորական վարդակների հետ կայանը նաև USB լարի բնիկներ ունի:
Անի Աղաջանյան («Շտիգեն» ընկերության մարքեթինգի ղեկավար) - Հեռախոս կլիցքավորի, 23 համակարգիչ, 115 ժամ կարող է միացնել ոչ շատ մեծ լեդ-լամպ:
Գիշերը թշնամուն ցույց տվող ջերմատեսիլը կայանով կաշխատի-չի աշխատի, զինվորականները կպարզեն: Մասնագիտական տերմինաբանությամբ՝ սարքն ի վիճակի է միանգամից 300 Վտ բեռ վերցնել արևի հույսով՝ անկախ հանգամանքից պատերազմ է թե ոչ:
Էներգետիկներն ասում են՝ կասկածող կա՞, որ նավթը վերջանալու է, արևը՝ ոչ: