Միացյալ Նահանգների կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Դեյվիդ Չիչիլինեն հայտարարություն է տարածել, որով ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ այս հողը եղել է պատմական Հայաստանի մաս, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել են հայերը: Քրիստոնեության օրրանում վեր են խոյանում եկեղեցիներ ու վանքեր, որոնք կառուցվել են հարյուրավոր տարիներ առաջ: Դրանք հենց այն եկեղեցիներն են, որոնք այսօր Ադրբեջանի զինուժի կողմից ռմբակոծվում ու հրթիռակոծվում են:
«Կա Արցախի ազատության համար համոզիչ փաստարկ՝ հիմնված միջազգային իրավունքի և բոլորի կողմից ընդունված ժողովրդավարական ինքնորոշման սկզբունքների վրա: Սակայն այսօր Արցախի անկախության հրատապ պահանջը գոյատևումն է: Այսօր՝ Ադրբեջանի կատաղի գրոհների չորրորդ շաբաթում, Արցախի քաղաքացիները գտնվում են արգելված կասետային ռումբերի տարափի տակ: Նրանք գիտեն, որ Ադրբեջանի վերահսկողության ցանկացած վերադարձ կնշանակի նրանց արտաքսում իրենց պատմական հայրենիքից»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հետևաբար, միանալով իմ կոնգրեսական պաշտոնակիցներին՝ Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Արցախը»,- հայտնել է Դեյվիդ Չիչիլինեն: