Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման 2 խախտված որոշում, որոնց հետևեց ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Ղարաբաղի շրջանը հայերից ազատելու մասին: Երկու դեպքում էլ Հայաստանը պատրաստ էր քննարկել անհրաժեշտ գործողությունները, բայց ոչ Ադրբեջանը: Եվ անտրամաբանական կարող է թվալ, թե ինչու է ձեռք բերվում պայմանավորվածություն, եթե Բաքուն մտադիր չէ այն պահել. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է պատերազմին՝ եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին տված հարցազրույցում:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական կողմն սկսեց այս պատերազմը, և նրանք դեռևս չեն ավարտել իրենց, այսպես ասած, «առաքելությունը», ըստ որի, ինչպես Դուք նշեցիք, նրանք ցանկանում են «ազատել» կամ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնք այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Իրենց այդ գործելաոճը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկ զտում, և հենց սա է Ադրբեջանի և Թուրքիայի այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը:
Ռուսաստանի դերակատարությունը այս հակամարտության հարցում շատ կարևոր է, և կողմերի միջև Ռուսաստանը վստահելի և ակտիվ միջնորդ է՝ ասել է Սարգսյանը: Նախագահը վստահեցնում է, որ հումանիտար ու մարդասիրական հրադադարը հնարավոր չեղավ իրականացնել ադրբեջանական կողմի խախտումների պատճառով: Եվ Ադրբեջանի ղեկավարության քայլերը փաստում են՝ նրանք չեն ուզում անգամ իրենց զինվորների դիակները ստանալ:
Արմեն Սարգսյան - Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն, և, միևնույն ժամանակ, իր ժողովրդին ևս մղում է մահվան: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այդքան ցինիկ լինել սեփական բնակչության նկատմամբ: Այնպես որ զարմանալի չէ, որ նրանք շատ ավելի ցինիկ ու անմարդկային են եղել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հանդեպ, որոնք ի սկզբանե այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ:
Նախագահ Սարգսյանը կատարյալ անհեթեթություն է համարում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ տալը: Թուրքիայի այս պնդումը չի կարող իրատեսական լինել:
Արմեն Սարգսյան - Նրանք կարող են պնդել ինչ ուզում են. ո՞ւմ է հետաքրքիր: Միայն պնդելը բավարար չէ հիմնավոր դատողություններ անելու համար: Թուրքիայի գործողությունները խոսում են իրենց փոխարեն, և ինչ-որ բան պնդելը պետք է հիմնված լինի ապացույցների վրա, և ասել, որ այս հակամարտության մեջ կա կրոնական տարր, նույնն է, ինչ ոչինչ չասել: Հայերը երբեք որևէ տհաճություն կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել այլ կրոնների նկատմամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերը արդյունավետ կլինեին, եթե ադրբեջանական կողմը կարևոր համարեր խաղաղ գործընթացը և մնար խնդիրների լուծման քաղաքակիրթ շրջանակում: Ոչ մի համաձայնություն օրինական չէ, եթե այն ձեռք է բերվել ռազմական ուժի ուղիղ սպառնալիքի, պարտադրանքի կամ կողմերից մեկի՝ պատերազմ հրահրելու հետևանքով: