Այսօր առավոտից կրկին սկսվել են մարտական գործողություններ։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, իսկ կեսօրին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդ օրերին՝ անտառների և հարակից բնակավայրերի տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հարավային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ, մի քանի անգամ կատարված փորձերը կանխվել են, ետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ։
«Երեկ երեկոյան դուք տեսաք այն հայտնի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինված ուժերի մի ստորաբաժանում մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը, ձորերը։ Ընդհանուր առմամբ, այսօր, համեմատաբար, մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նաև ինտերակտիվ կերպով ներկայացրեց համապատասխան քարտեզ և առանձին կետերով նշեց այն բնակավայրերը, որտեղ վերջին երկու երեք օրերին ընթանում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ Ընդգծեց, որ այդ աշխատանքները շարունակվում են մինչև այսօր։ Ներկայացրեց նաև այն բնակավայրերը, որոնք մի քանի օր առաջ հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր և ետ էին մղվել այս ուղղություններից։ Ընդգծեց, որ դրանք այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողություններն այս պահին էլ շարունակվում են։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրեց նաև օջախային հիմնական մարտերը, ուղենշային բնագիծը, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին դուրս գալ ՀՀ սահման, որտեղ այս պահին էլ շարունակվում են ընթանալ մարտական գործողությունները։
Հովհաննիսյանը նշեց, որ քարտեզը փոփոխական է․ մշտական չէ, որովհետև ինչպես ասել է, մարտական գործողությունները նախ օջախային են և արագ կարող են փոփոխվել։