ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր: Ըստ նրա՝ հիմնականում թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու հարակից բնակավայրերը, որոշակի պարբերականությամբ հրթիռակոծվել են նաև Հադրութն ու Ստեփանակերտը:
«Մեր վերլուծությամբ՝ «Պոլոնեզ» տիպի հրթիռներ են կիրառվել, և բացառապես թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես, որոշ բնակելի տներ են վնասվել, վնասվել են գազատար խողովակ և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ»,- նշեց Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ թշնամու գործողությունները Ժնևի կոնվենցիայով համարվում են պատերազմական հանցագործություն: