Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ օգտագործմամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում: Այս մասին գրում է cbc-ը:
Քվեբեքում գործող ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթ է տեղեկացվել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում:
«Մենք վերջերս ենք տեղեկացվել, որ Rotax շարժիչների մի մասն այժմ օգտագործվում է ռազմական անօդաչու սարքերում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,- հայտնել է BRP ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիեն՝ հավելելով, որ միաժամանակ դադարեցնում են ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ օգտագործամբ երկրներ»:
Մարտին Լանգելիեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները արտոնագրված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: