Ազգային անվտանգության ծառայության նոր բացահայտումը: Րոպեներ առաջ ծառայությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ զորահավաքային զինծառայող Ա.Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և լաբորանտին՝ տվյալ զինծառայողի անվամբ կազմել կորոնավիրուսի հիվանդության մասին կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր։
Ըստ ԱԱԾ-ի՝ հաղորդվել է նմուշառում կատարելու մասին, մինչդեռ տվյալ անձից որևէ նմուշ փաստացի չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար փորձաքննության է ուղարկել փաստացի COVID-19 հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ։
Իրավապահ մարմինը նշում է՝ արդյունքում հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ բովանդակությամբ եզրակացություն, որ իբր նրա մոտ հայտնաբերվել է COVID-19, ինչը զորահավաքային զինծառայողին հնարավորություն է տվել ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության կատարումը:
Հարուցված է քրեական գործ, ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները: