Անցյալ շաբաթ սոցցանցերում 2 տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում երկու հայ գերու։ Սրա մասին հաղորդում է BBC NEWS-ը։
BBC-ն ուսումնասիրել է տեսանյութերը` ռազմագերիների դիտավորյալ սպանության մասին վկայող դեռևս միակ հայտնի ապացույցը: Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերից մեկը ներկայացվում է որպես հայ զինվորականների կողմից ադրբեջանցի ռազմագերու սպանության վկայություն, սակայն դա իրականում Ռուսաստանում նկարահանված տեսանյութ է, որն առաջին անգամ հրապարակվել է 2013 թվականին:
Այլ տեսանյութերի իսկությունը կամ այլ մանրամասներ հստակեցնելու համար բավարար տարրեր չկան։ BBC-ի ուսումնասիրած տեսանյութերը հրապարակված են եղել Telegram-ի ռուսալեզու անանուն ադրբեջանամետ ալիքում hոկտեմբերի 15-ին: Առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերի վերցնում երկու հայի:
Տղամարդը ռուսերեն (ադրբեջանական արտասանությամբ) հրահանգում է, որպեսզի գերիները ձեռքերը վեր բարձրացնեն: Նա մյուս զինվորների հետ խոսում է ադրբեջաներեն: Գերիներից մեկը հանում է սաղավարտը, զենքը և զինվորական վերնահագուստը, մյուսը նույնպես զինվորական վերնահագուստով է, բայց հստակ չի կարելի ասել, որ նա նույնպես զինվոր է:
2-րդ տեսանյութում, ենթադրաբար, ցուցադրված է գերիների մահապատիժը։ Նրանց ուսերին Հայաստանի և ԼՂՀ դրոշներ են: Տեսախցիկի մյուս կողմից ձայնը հրամայում է՝ նշան բռնել գլխին։ Լսվում են կրակոցներ, և տղամարդկանց մարմիններն ընկնում են գետնին:
BBC-ն հաստատել է, որ հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ բարբառային արտասանությամբ: Դատելով հագուստից՝ 1-ին տեսանյութի հայերը և 2-րդ տեսանյությում մահապատժի ենթարկվածները նույն մարդիկ են:
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է իր զինվորականների մասնակցությունը ռազմագերիների մահապատիժների կազմակերպմանը՝ տեսագրությունն անվանելով սադրանք: Անմիջապես հետո տեսանյութերը ջնջվել են:
Նույն օրն Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու, իսկ ավելի ուշ՝ հետաքննությունն ավարտվելու մասին, իսկ տեսանյութերը համարվել են կեղծիք։
Իրակա՞ն են արդյոք տեսանյութերը
BBC-ն ուսումնասիրել է տեսանյութերը և պարզել, որ դրանք նկարահանվել են Հադրութում: Տեսանյութերը, հավանաբար, նկարահանվել են հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութը գրավելու մասին, սակայն ավելի ուշ հրապարակված նյութերը վկայում են միայն քաղաքի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների հանդեպ ադրբեջանական բանակի վերահսկողության մասին։
Bellingcat-ի փորձագետներն առաջինը հրապարակեցին տեսանյութերի վերլուծությունը և ենթադրեցին, որ դրանք իրական են: Նրանք նաև ապացույցներ գտան, որ տեսանյութում զինվորների սաղավարտներն ու ինքնաձիգները համընկնում են նախկինում ադրբեջանական զինվորականների օգտագործածներին:
Bellingcat-ի մասնագետները եկել են եզրակացության, որ «այդ երկու անձինք հայ մարտիկներ են, որոնց ադրբեջանցի զինվորները, հնարավոր է` հատուկ նշանակության ջոկատները, գերեվարել են հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում և, ամենայն հավանականությամբ, մահապատժի են ենթարկել»։
BBC-ն տեսանյութերը ցույց է տվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի: Նա համաձայնել է մեկնաբանել տեսանյութը՝ անանուն մնալու պայմանով: «Սրանք իրական փամփուշտներ են, և սա իսկական սպանություն է: Սա իսկական մահապատիժ է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում այն համարելու բեմականացված»,- ասել է փորձագետը:
BBC-ն հարցում է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ և Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
Ի՞նչ են ասում Հայաստանում
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է, որ ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություններ է կատարել։ «Տեսանյութերում ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում են ռազմագերիներին և դաժանորեն, ծայրահեղ ցինիզմով սպանում նրանց»,- գրել է նա Ֆեյսբուքում և հավելել, որ բոլոր նյութերն ուղարկվում են համապատասխան միջազգային կառույցներ:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը BBC-ին փոխանցել է, որ տեսանյութում ներկայացված է երկու տեղացու մահապատիժ։ Նրանցից մեկը Հադրութից է եղել (քաղաքացիական անձ), մյուսը՝ հարևան գյուղի բնակիչ։
Ինչպե՞ս է դա ազդում խաղաղ գործընթացի վրա
Սոցիալական ցանցերում ռազմական հանցագործությունների մասին տեսանյութերի հրապարակումը միայն հետաձգում է հակամարտության խաղաղ կարգավորումը, «... իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի համար այսօր դրանք նաև էթնիկ զտման վտանգի ահազանգ են պարունակում», - ասել է Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը։ «Պատերազմական հանցագործությունների մասին հաղորդագրությունները կարող են առավել կործանարար ազդեցություն ունենալ»,- հավելել է նա: