Ադրբեջանական զինված ուժերը հիմա ավելի հստակորեն փորձում են թիրախավորել կենսական նշանակության ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքներ, որ խորացնեն հումանիտար աղետը Արցախի բնակչության շրջանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Երեկ հրետանային միջոցներով թիրախավորել է Բերձոր քաղաքը, սա ցույց է տալիս, որ փորձում են Արցախն ու Հայաստանը իրար կապող ճանապարհը ինչ-որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է՝ մեծ նշանակություն ունի»,- նշեց Բեգլարյանը:
ԱՀ ՄԻՊ-ն անդրադարձավ ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվող տեսանյութերին ու լուսանկարներին, որոնցում երևում են դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր:
«Երեկ և նախորդ օրերին հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որ նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»,- նշեց Բեգլարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունն այսօրինակ դեպքերի վրա հրավիրելով, որ հետագայում այլևս նման հանցագործություններ չկրկնվեն: