Ուկրաինան պատրաստվում է տեղական ընտրություններին: Քվեարկությունը տեղի կունենա հիմնականում երկրի խոշոր քաղաքներում. Կիևում, Խարկովում, Օդեսայում և Դնեպրում կընտրվեն քաղաքապետեր: Ըստ վերջին հարցումների՝ հաղթելու ամենամեծ շանսերն ունեն վարչակազմի ներկա ղեկավարները՝ տեղեկացնում է euronews-ը:
2019-ի ապրիլին Վոլոդիմիր Զելենսկու հաղթանակից հետո սա Ուկրաինայի առաջին ընտրությունն է: Ըստ դիտորդների՝ քվեարկությունը լուրջ փորձություն է «Ժողովրդի ծառա» կուսակցության համար, որի վարկանիշը վերջին շրջանում նվազում է: Նախընտրական արշավի ժամանակ Զելենսկին կոչով դիմել է Գերագույն ռադային, որում խոսել է իր քաղաքականության հաջողության մասին: Նա կարևորել է Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանումը և պարտավորվել է տարածքը Կիևի հսկողությանը վերադարձնել բանակցությունների և խաղաղ, մարդասիրական մեթոդների միջոցով:
Ուկրաինայի արևելքում մեծ աջակցություն է վայելում «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» բլոկը: Դրա ներկայացուցիչները Զելենսկուն մեղադրում են խաղաղության հասնելու անկարողության և ռուսախոս քաղաքացիների մշակույթի ու ինքնության իրավունքները ոտնահարելու համար: Այս ասոցիացիայի պոտենցիալ աջակիցների թվում են նրանք, ովքեր աջակցում են «Ռուսական աշխարհի» միասնությանը: