Այսօր կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Թ.Ջ. Քոքսը, Ջիմ Կոստան և Քեթրին Քլարկը Թրամփի վարչակազմին կոչ են արել էական, շոշափելի ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր պատասխանատու են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար:
«Չորս շաբաթ անց էլ Արցախի դեմ ադրբեջանական հարձակումը շարունակվում է: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործումը խաղաղ բնակիչների դեմ, ինչը խախտում է միջազգային իրավունքը,- ասել է կոնգրեսական Բրեդ Շերմանը: - Ադրբեջանի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվություն կրեն Արցախում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական ոտնահարումներում իրենց մասնակցության համար: Պատժամիջոցների իրականացումը, համաձայն «Մարդու իրավունքների համաշխարհային պատասխանատվության մասին» Մագնիտսկու օրենքի, կլինի հաստատուն պատասխան ԱՄՆ-ից, որ այդ հարձակումները, հատկապես քաղաքացիական անձանց թիրախավորումը, անընդունելի են, Ադրբեջանի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Կոնգրեսականներ Շերմանը, Քոքսը և նրանց գործընկերները Թրամփի վարչակազմին ուղղված իրենց նամակում պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները սպառնում են Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարական գերակայությանը և միջազգային քաղաքական համակարգերի կայունությանը տարածաշրջանում: Առանց Միացյալ Նահանգների վճռական պատասխանի, բռնության շարունակական սրացումը վտանգում է վերածվել շատ ավելի մեծ հակամարտության, որը կսպառնա ոչ միայն արցախցիների, այլ նաև Կովկասում ապրող բոլոր խաղաղ բնակիչների կյանքին: