Մոսկվայում մշակութային աշխարհի ուշադրությունն են սևեռում Արցախում ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմին: Որոշել են երաժշտության՝ Բախի, Շոպենի, Բաբաջանյանի ու Պուչինիի, Կոմիտասի, Տիգրանյանի ու Կուրբատովի հնչյուններով, կարծեք, անտարբեր աշխարհին լսելի դարձնել պարտադրված պատերազմում Արցախցիների ընդհատվող կյանքերի մասին:
Իգոր Ֆյոդորով (երաժիշտ) - «Արվեստը միշտ էլ խաղաղության մասին է, համախմբվելու կոչ է անում, սա այն լեզուն է, որ բոլորին է հասկանալի: Այսօրվա համերգով մենք խաղաղության կոչ ենք անում, քանի որ առաջին հերթին հիմա Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչությունն է տառապանքի մեջ, տուժում են նախևառաջ անմեղ մարդիկ: Դա մեծ ողբերգություն է: Մեր երաժշտությամբ ուզում ենք ասել, որ պետք չէ տարածքային ոտնձգություն անել և սպանել միմյանց»:
Դադարեցրեք կրակը, խաղաղություն է պետք հաստատել, աղաղակում են Մոսկվացի երաժիշտները, այսպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին ու Հայաստանին: Միացել են նաև նրանք, ովքեր դեռ չեն եղել Արցախում, բայց մեծ հույս են հայտնում այցելել պատերազմի ավարտից հետո:
Հայկ Կազազյան (ջութակահար) - «Մենք այսօր համերգ-ակցիայով փորձում ենք մարդկանց ուշադրությունը սևեռել այս պատերազմի վրա: Տիրող լարվածության թուլացման համար երաժշտության ուժով նաև փորձում ենք փոխանցել խաղաղ, պոզիտիվ տրամադրություններ, քանի որ բոլորս, ի վերջո, խաղաղություն ենք ուզում»:
Նախագիծն իրականացվում է Մոսկվայի «Նիկո» պատկերասրահի և Ելենա Խարաքիձյանի նախաձեռնությամբ: Արցախի համար բարեգործական համերգ-մարաթոնի հայտարարությանը կայծակնային արագությամբ արձագանքեցին ոչ միայն հայ, այլև մեծ մասամբ ռուս երաժիշտներ՝ դաշնակահարներ, ջութակահարներ, երգիչներ:
Գայանե Նիկողոսյան (համերգ-ակցիայի կազմակերպիչ) - «Մենք առաջին հերթին ցանկանում էինք Արցախի մարդկանց փոխանցել մեր սերն ու կարեկցանքը և երաժիշտներին նույնպես հնարավորություն տալ արտահայտել իրենց աջակցությունը: Նրանք շատ արագ արձագանքեցին մեծ հաճույքով, մեծ մասը հայ չէ, նրանք պարզապես երաժշտության միջոցով խաղաղության կոչ են անում և միաժամանակ աջակցում հումանիտար օգնության հավաքագրմանը»:
Ամբողջ հասույթը կփոխանցվի «Վիվա» բարեգործական հիմնադրամին, որը պատերազմի առաջին օրերից լծվել է բժշկական, հումանիտար օգնություն հավաքագրելուն: Արդեն երեք մեծ ինքնաթիռով բեռնված բժշկական պարագաներ հասցրել են ուղարկել Արցախ, Գորիս, Սիսիան, Կապան, Վարդենիս: Մոսկվայից Արցախ մեկնած բժիշկների կամավորական խմբերի հետ կապը մշտական է, ասում են՝ ինչ, որտեղ է պետք ուղարկել:
Վիկտոր Միխայլով («Վիվա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր) - «Սեպտեմբերի 27-ից սկսած՝ մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը և սկսել ենք հավաքագրել միջոցներ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, դեղորայք ձեռք բերելու համար, ինչով պետք է բժշկական օգնություն ցուցաբերել մեր վիրավոր զինվորներին ու քաղաքացիական անձանց: Օգնությունն ուղարկվում է ամեն օր՝ հասցեական: Համագործակցում ենք «Ազնավուր» հիմնադրամի հետ, որն օգնեց Երևանում պահեստներ ստեղծելու և բեռները տեղ հասցնելու հարցում»:
Ակցիային մասնակցում են տարբեր բուհերի ուսանողներ, իրավաբաններ, հաշվապահներ, դիզայներներ, բժիշկներ: Մոտ 400 կամավոր օգնում է հավաքել, տեսակավորել ու բեռնել ապրանքը, ամեն մեկն իր ձեռքի եկածն անում է՝ հանուն սահմանին կռվող հերոսների: Կամավոր բժիշկների՝ վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, վնասվածքաբաններ և այլ մասնագետների 4-րդ խումբն այս շաբաթ կմեկնի Արցախ: