Բովանդակային բանակցությունների հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի պաշտպանությունը։ Պաշտոնական Երևանը հստակ է ձևակերպում, որ դեպքում է հնարավոր ռազմաճակատից հարցը տեղափոխել դիվանագիտական դաշտ։ «Ինտերֆաքսին» տված հրացազրույցում վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է՝ պատրաստ է Մոսկվայում հանդիպել Ալիևի հետ։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն:
Արտգործնախարարների մակարդակով դիվանագիտական աշխատանքը, սակայն, չի կանգնել, հոկտեմբերի 21-ին Մնացականյանը Մոսկվայում էր, հիմա էլ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները միացյալ նահանգներում են։ Կոնկերտ պայմանավորվածություններ չկան՝ մանրամասնել է Փաշինյանն ու նորից շեշտել՝ Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին: Ռուսական լրատվամիջոցի լրագրողը խնդրել է հստակեցնել՝ արդյոք խոսքը Ադրբեջանին 7 շրջանի հանձնման կամ Ղարաբաղի անվտանգության գոտուց հայկական զինված ուժերի դուրս բերման մասին է: Փաշինյանն արձագանքել է՝ բոլորովին տեղին չէ նման հարցեր քննարկել, երբ ռազմական գործողություններ են ընթանում
Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, որոնք այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ: Եվ մեզ համար շատ կարևոր և սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է:
Ժողովրդին ուղղված վերջին ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարել է, որ խնդիրը չունի դիվանագիտական լուծում։ Ինչ է սա նշանակում՝ հարցին վարչապետը նախ հիշեցրել է, որ Ադրբեջանը տապալել է հրադադարի երկու պայամանվորվածությունն էլ, ապա բացատրել՝ բանակցությունների տարիների փորձը ցույց է տվել, որ եթե Հայաստանը խոսել է իր համար ընդունելի փոխզիջումների մասին, Ադրբեջանի համար փոխզիջման գնալը դարձել է անընդունելի։
Նիկոլ Փաշինյան - Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը:
Ծավալուն հարցազրույցում անդրադարձել է եղել նաեւ խաղաղապահների հարցին։ Ալիևը հայտարարել էր, որ սկզբունքորեն դեմ չէ նրանց տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները։ Լրագրողի դիտարկմանը՝ Փաշինյանն ասել է՝ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, խոսքը ռուս խաղաղապահների մասին է։
Նիկոլ Փաշինյան - Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը:
Պատերազմի 27 օրերի ընթացքում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից՝ նկատել է Փաշինյանն ու ընդգծել, որ հատկապես տարածաշրջանի երկրները պետք է հաշի առնեն պոտենցիալ հետևանքները։ Ահաբեկիչների հարցին անդրադառնալով՝ վարչապետը հնարավոր լուծման տարբերակներից մեկը համարել է հակաահաբեկչական օպերացիայի իրականացումը, որն իր խոսքով՝ պետք է լինի միացյալ ուժերով։ Ինտերֆաքսի լրագորղը հետաքրքրվել է՝ արդյոք նա նկատի ունի նաեւ ռուսաստանին ու իրանին։
Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք: Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք:
Արդյոք սա նշանակում է երրորդ ուժերի հրավե՞ր՝ համակարտությանը միջամտելու համար՝ լրագրողի դիտարկամը Փաշինյանն ասել է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Երկրի ղեկավարը հիշեցրել է Պուտինի այն հայտարարությունը, որ Դաշնությունը Հայաստանի հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի սահման, պաշտոնական Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին: