Կամավորական Վարդան Հայրապետյանն ասում է, որ համազգեստը կրկին հագել են, որ թուրքը չհամարձակվի ոտք դնել Սյունիք։
Վարդան Հայրապետյան (կամավորական) - «90-ականներին էլ ենք եղել, ամեն ինչ տեսել ենք, այն ժամանակ պուճուր էինք, հիմա պետք չի մեր պուճուրները տեսնեն ու չեն էլ տեսնելու։ Մեր ծնողների, զոհվածների պատիվը պահելու համար պարտավոր ենք հաղթել»։
23-ամյա Ժիրայր Մարգարյանը երեք տարի է, ինչ ավարտել է ծառայությունը: Այսօր էլ, երբ հայրենիքը իր օգնության կարիքն ունի, կրկին զինվորագրվել է։
Ժիրայր Մարգարյան (կամավորական) - «Մեր պարտականությունն է նորից տեր կանգնելու այն ամենին, ինչը մերն է։ Իրականում ոչինչ չի փոխվել, թշնամին նույնն է, սերունդն է փոխվել։ Ինչ որ տեղ հիշողությունն է պետք թարմացնել, այս անգամ այնպես, որ չլինի այն, ինչ հիմա կատարվում է։ Մեր հաղթանակով է ավարտվելու, այլընտրանք մեր ազգը չունի»։
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք ստացած Պյոտր Բաղդասարյանը նշում է, որ վրեժ ունեն լուծելու։
Պյոտր Բաղդասարյան (կամավորական) - «Գնացել ենք պարապմունքների, լրիվ մարտական են տղաները։ Ո՛չ վախ, ո՛չ փախուստ, ամեն ինչ նորմալ է, տրամադրությունը բարձր է, իրար հետ՝ ինչպես մի ընտանիք։ Ահաբեկիչներ կլինեն, բայց կահաբեկվեն մեր փամփուշտից»։
Պատերազմի հենց առաջին օրվանից կապանցիները ոտքի են կանգնել, իսկ վերջին օրերին ակտիվությունը կրկնապատկվել է, ընդգծում է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Գևորգ Փարսյան (Կապանի համայնքապետ) - «Բավականին մեծ թվով կապանցիներ՝ տղամարդիկ, տղաներ, բառի բուն իմաստով տղամարդիկ, արդեն իսկ կամավորագրվել են և բարձր մարտական ոգով պատրաստակամություն են հայտնել մինչև վերջ կանգնել ու ձիգ կանգնել մեր Կապանի սահմանների պաշտպանության համար»։
Սյունեցիների աննկուն ոգին հայտնի է վաղուց, նոր սերունդը շարունակում է ավանդույթները և պաշտպանելու է հանրապետության հարավային դարպասները։
Հեղինակ՝ Անուշ Միրզոյան