Երեկոյան 22:00-ի դրությամբ հակառակորդի դիվերսիոն խմբերը դեռ փորձել են ներթափանցել Արցախի կենտրոնական ուղղության բնակավայրեր։ Թիրախում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերն են, դրանց մատույցներում դեռ մարտեր են ընթանում:
Ռազմաճակատին մոտ գտնվող բնակավայրերում ապրողներին, նաև դրանց ղեկավարներին Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է զգոն լինել, խուճապի չմատնվել։ Հիշեցնում է՝ թշնամու նման խմբերը շատ փոքր են լինում, գալիս են անտառներով, առանց զրահատեխնիկայի, առանց ԱԹՍ-ների ուղեկցության, ինչպես փորձն է ցույց տալիս՝ հիմնականում նկարվելու նպատակով։
Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են նաև հյուսիսում և հարավում։ Ադրբեջանը կրկին հարձակման փորձեր է կիրառել, բայց, Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտպանության բանակը կասեցրել է նրանց առաջխաղացումը, որոշ տեղերում հետ է շպրտել՝ պատճառելով զգալի կորուստներ, նաև՝ զրահատեխնիկայի։
ՀՕՊ ուժերն այսօր ևս մեկ «Բայրաքթար» են ոչնչացրել։ Թուրքական արտադրության հերթական անօդաչուի նկարներն ու տեսանյութը ներկայացրել է պաշտպանության բանակը։
Հովհաննիսյանը հերքել է նաև Ալիևի հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, ադրբեջանական զորքերն արդեն ամբողջությամբ վերահսկում են Իրանի հետ Արցախի սահմանը:
Ռուսաստանի նախագահը, խոսելով ընթացող պատերազմի մասին՝ հայտարարել է, որ այս պատերազմում ընդհանուր զոհերի թիվը հասնում է 5000-ի։ Հայկական կողմը, մինչդեռ, պաշտոնական վերջին տվյալներով, 897 անուն է հրապարակել: Հովհաննիսյանը մեկնաբանում է՝ Վլադիմիր Պուտինն ընդհանրացված թվեր է ներկայացրել, կոնկրետ թվեր նա նշել չէր կարող, բայց, իրականում, ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ ավելի են։