Թուրքական ապրանքի բոյկոտը չպետք է վնասի մեր գործարարներին: Տնտեսական խրամատում ևս տանուլ տալու տարբերակ Հայաստանը չունի՝ սպառողներին կոչով դիմեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:
Արսեն Ղազարյան (Հայաստանի ԱԳՄ նախագահ) - Այն ապրանքները, որ Թուրքիայից ներկրվել են, Հայաստանում մաքսազերծվել են, ԱԱՀ է վճարվել: Պետք է սպառել, որ չստացվի՝ մենք մեր ոտքին ենք կրակում, որ բիզնեսը գումար ունենա ու կարողանա վերադասավորվել:
Վերադասավորվելն, ըստ Արսեն Ղազարյանի, բիզնեսի համար պետք է նախ տեղական արտադրությունը զարգացնելու առիթ դառնա: Անհրաժեշտ է շեշտը դնել վերջին շրջանում թափ հավաքած տեքստիլի ճյուղի ընդլայնման վրա, հզորացնել կոշիկ կարող փոքր արտադրամասերը:
Արսեն Ղազարյան - Առաջինը, որ պետք է անենք, տեղական արտադրողները պետք է լրացնեն այս բացը: Տեքստիլ-տրիկոտաժ-տեքստիլ: Այլ բիզնեսից պետք է այստեղ ներդրում արվի:
Ղազարյանը, որը, ի դեպ, 97 թվականից գործող հայ-թուրքական տնտեսական հանձնաժողովի համանախագահն է, սահմանից այն կողմ նամակ է ուղարկել՝ հարաբերություններն անժամկետ սառեցնելու մասին: Չպետք է ուշացնել նաև տրանսնացիոնալ խոշոր ֆիրմաների հետ քննարկումները. գերմանական հայտնի կենցաղային տեխնիկայից մինչև ամերիկյան օճառ-շամպուն արտադրող ընկերությունները Կովկաս-Ասիա ամբողջ տարածաշրջանի մատակարարումների համար պահեստները հարևան երկրում են բազավորել:
Արսեն Ղազարյան - Մեր խոշոր մատակարարները պետք է այդ ընկերությունների հետ բանակցություններ վարեն ու ասեն՝ փոխեք, մեզ տվեք այլ շուկաներից, մեր ենթակայությունն Անկարայի ու Ստամբուլյան գրասենյակներից փոխեք:
Կառավարությունն իր հերթին ԵԱՏՄ-ի առաջիկա նիստում կառաջարկի Թուրքիային հանել միությունում սակագնային արտոնություն ունեցող 103 պետությունների ցանկից: Ըստ Ղազարյանի՝ գործարարներն այս արգելքին ըմբռնումով են մոտենում: Համեմատաբար դժվար վիճակում հայտնված տոնավաճառի առևտրականները կամ նրանց մատակարարները 2 ամիս ժամանակ ունեն թուրքական ապրանքը փոխարինելու Ռուսաստանից կամ Չինաստանից ներմուծումներով:
Արսեն Ղազարյան - Չինաստանն արտադրում է նույն որակի, նույն գնային սեգմենտի ապրանք, տրանսպորտը երկար է՝ այստեղ 3-4 օր է, այնտեղ՝ 30 օր, իսկ գնայինը նույնն է:
Այնպես չէ, որ հարևան Թուրքիայից ապրանք բերելը հեշտ էր. ուղիղ առևտուր 93 թվականից այս կողմ մենք չենք ունեցել: Վերջին տարիներին դրան գումարվել էր նաև լրացուցիչ ծախս՝ խաղաքարտեր է բացում Գործարարների միության ղեկավարը:
Արսեն Ղազարյան - Բերում են Վրաստան, մաքսազերծում են, հարկեր են վճարում, հետո վերաարտահանում են Հայաստանում: Արդյունքում 5-800 դոլարի ծախս է լինում, որը մնում է հայ գործարարի ուսերին:
260 մլն դոլարի ներմուծման արգելքով Հայաստանը թուրքական տնտեսությանը գուցե մեծ հարված չհասցնի, բայց հաստատ վստահ կլինենք՝ մեր վճարած փողերով չեն ԱԹՍ-ներն օգնում ադրբեջանական բանակին՝ խոր շունչ է քաշում Արսեն Ղազարյանը: Հարցազրույցն ավարտում պետական սահմանը փակելիս Դեմիրելի ասած խոսքերը հակադարձելով:
Արսեն Ղազարյան - Մի քանի ղուռուշ առևտրի համար Թուրքիայից մենք մեր արիական տղաների արյունը չենք ուրանա: