Էջմիածնի առաջին կամավորական ջոկատը կազմավորված է, գրանցվել են, սպասում են հետագա ցուցումներին: Ջոկատի հրամանատարը Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանն է: Ասում է՝ առաջին ջոկատը դեռ վերջինը չէ, կամավորագրումը շարունակվում է:
Դիանա Գասպարյան (Էջմիածնի քաղաքապետ) - Այնուհետև կանցնենք համապատասխան ներդաշնակության, զինվորական պատրաստականության դասընթացներ և կսպասենք հրամանի:
Առաջիկա օրերին նոր ընկերները կծանոթանան, զենքի հետ վարվեցողության դասեր կառնեն ու կանցնեն հայրենիքը պաշտպանելու պատասխանատու գործին: Ջոկատի հրամանատար Դիանա Գասպարյանը վստահ է՝ կամավորականների իր խումբը պատրաստ է մարտական առաջադրանքների կատարմանը՝ հոգեպես և բարոյապես:
Դիանա Գասպարյան - Լավատես եմ, որ ջոկատը հրամանները ներդաշնակ կկատարի:
Տղամարդկանցից ոչ պակաս մարտական են տրամադրված նաև Էջմիածնեցի կանայք: 2-ը առանց ժամանակ կորցնելու արդեն կամավորագրվել են: Տիկին Աննան նախկինում զինվորական է եղել, կանանց ջոկատի մասին իմանալով՝ դիմել է, բայց չեն կանչել: Հիմա համայնքի ջոկատում է տեղ գտել, կարծում է, որ շատ կանայք են պատրաստ առաջնագիծ մեկնել:
Աննա Սարոյան (կամավորական) - Ինձ թվում է՝ բոլորն էլ պատրաստ են, երևի հնարավորություն չունեն մասնակցելու, թե չէ՝ բոլորն էլ պատրաստ են: Ով էլ չի կարողանում գնալ առաջնագիծ, այստեղից է ինչ-որ չափով իր օգնությունը կատարում: Հաղթելու ենք միանշանակ, բոլորն էլ գիտեն, որ հաղթելու ենք:
Կամավորականները միայն Էջմիածնից չեն, ինքնակամ եկել են նաև հարակից համայնքների տղամարդիկ: Ասում են՝ պարտավոր են կանգնել 18 տարեկան զինվորի կողքին:
Լյուդվիկ Յայլոյան (Շահումյանի թ/ֆ համայնքի ղեկավար) - Բոլոր համայնքները դառել են մի բռունցք, ու մեր զինվորի կողքին պիտի կանգնենք բոլորս միասին: Գնում ենք միայն հաղթանակի համար ու պարտավոր ենք հաղթել:
Էդգար Պետրոսյան (Շահումյանի թ/ֆ համայնքի բնակիչ) - Բոլորս էլ մի մարդու նման կազմակերպված գնում ենք պաշտպանելու մեր հայրենի հողերը: Գնում ենք միմիայն հաղթելու նպատակով: Մի բռունցք մի մարդու պես բոլորս էլ պատրաստ ենք պաշտպանելու մեր հողն ու ջուրը:
Տղաները շատ խոսել չեն սիրում. գործն է կարևոր, որը լավ կանեն՝ վստահ են:
Հաղթանակի հետևից՝ բոլորն իրար ժպիտով են ճանապարհում: Ասում են՝ հիմա հայ ազգի միասնական լինելու ժամն է: