ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում ասված է.
«Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները:
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում շարունակաբար փաստագրում ենք այդպիսի դեպքերը և պատրաստում համապատասխան փակ զեկույցներ, ինչպես նաև տվյալները փոխանցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն ռազմագերիների ու դիակների վերադարձման ուղղությամբ:
Սակայն կուզեի մի քանի բան խնդրել մեր հայրենակիցներին՝
1. Չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է հոգեբանական դիվերսիաների միջոցով:
2. Չխոսել այդպիսի դեպքերի մասին հատկապես Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված անձանց հետ:
3. Զգուշանալ նաև տեսածներին հավատալու հարցում, քանի որ երբեմն կիրառվում են կեղծ նյութեր հատկապես սիրիական պատերազմից:
Չպետք է մոռանալ, որ տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը Հայրենիքի անվտանգության գլխավոր բաղադրատարրերից մեկն է, և որքան քիչ տեղեկություններ ադրբեջանական տեղեկատվական դաշտից մտնեն մեր դաշտ, այնքան ավելի լավ»: