«Արմավիր» գնդին միանալու համար Առատաշենի դպրոցի տնօրենը օրեր առաջ է կամավորագրվել։ Սպասում է մարզպետարանի հաստատմանը։ Դպրոցում իրեն փոխարինող կգտնվի, իսկ պատերազմում իր նմաններն են պետք՝ երիտասարդներին կրակի օղակից հեռու պահելու համար։
Սևակ Ղազարյան (Առատաշեն համայնքի դպրոցի տնօրեն) - Նպատակը այս նկարները չավելանալն է։
Արցախյան առաջին պատերազմին էլ է մասնակցել, փորձ ու գիտելիքներ ունի։ Մինչև ճակատ մեկնելու թույլտվություն ստանալը անգործ չի նստել՝ պարբերաբար հումանիտար օգնություն է հասցրել հայրենիքի պաշտպաններին։ Իսկ հիմա, երբ պահն օրհասական է, էլ չի ուզում սպասել։
Սևակ Ղազարյան - Ավելի դժվար է մնալ-ճանապարհելը: Պահում ենք մեր տունը, ինչ-որ բանի դիմաց չենք կռվում: Էս ամեն ինչի հանրագումարն է մեր հայրենիքիը, հաղթելու ենք։
Վիրաբ Կարապետյանը ևս ազատամարտիկ է։ Թեև ռազմաճակատ մեկնելու նրա ցանկությունն այնքան էլ չի ոգևորել ընտանիքին, ինքը վճռական է, մանավանդ որ որդին էլ է սահմանին։ Պետք է պատերազմի հարվածն ավագներս վերցնենք, որ երիտասարդներն անվնաս մնան։ Եթե ինչ-որ մեկը պետք է լաց լինի, թող դա լինի կինը, ոչ թե մայրը՝ փիլիսոփայում է 57-ամյա ազատամարտիկը։
Վիրաբ Կարապետյան (կամավորական) - Որ նայում ենք մեր կորուստներին, ոնց որ բույսը ծաղկավիժում անի։ Նրանք մեր ապագա սերունդն են, չենք կարող թույլ տալ։
Ամենուրեք աշխարհազոր է ձևավորվում։ Մարդիկ խմբերով հավաքվում, ջոկատներ են կազմում ու մեկնում առաջնագիծ։ Պայմանը մեկն է՝ խմբերը պետք է ձևավորվեն հաստատակամ և իրենց ուժերին վստահ տղաներով։
Մանուկ Տերտերյան (կամավորական) - Եթե հոգեպես մարդը պատրաստ չէ, պատերազմում ավելի շատ կվնասի, քան օգուտ կբերի:
Ղազարն էլ է գնում պատերազմ։ Իրեն սպասող կին ու երեխաներ դեռ չունի, բայց կունենա, երբ վերադառնա։ Խոսել չի սիրում, ինքը գործի մարդ է։ Թեև տրամադրությունը մարտական է, և կուզեր խոսքով փոխանցել, բայց մտքերն ի մի բերել չի կարողանում։
Պատերազմի բոթն առնելուն պես այս տղամարդիկ շտապել են զինկոմիսարիատ․ գրանցել ու ասել են՝ սպասեք։ 20 օրից ավելի է՝ սպասում են ծանուցագրի։ Բայց այլևս դրա ժամանակը չունեն։
Ռուստամ Ծատուրյան (կամավորական) - Երեք անչափահաս երեխա, 90 տարեկան մայր ունեմ, բայց պիտի գնամ: Ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պիտի գնա, միայն 18 տարեկաննե՞րը:
Արթուր Բադալյան (կամավորական) - Ամբողջ ազգը պիտի գնա, կիսատ գործը վերջացնի, որ մեր երեխաները հանգիստ ապրեն։
Կիսատ թողածը վերջացնելու վճռականությամբ է նաև նախկին ազատամարտիկ Արամ Գրիգորյանը։ Ինքն էլ է միացել կամավորականների խմբին։ Եթե պատերազմ, ուրեմն՝ վերջին անգամ ու հաղթական, որ եկող սերունդներն այլևս երբեք զենք վերցնելու պատճառ չունենան։