Արցախում զոհված զինվորների ու խաղաղ բնակիչների անմահ հիշատակին Գերմանիայում հայկական լույսի ճրագներ են:
Նյուրնբերգի մոմավառությունից դեպի Եվրոպայում մարդու իրավունքները պաշտպանող ամենամեծ ատյան: Ֆրանսիայի տարբեր քաղաքներից մարդիկ քայլերթով հասան մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների ու դաժանությունների հետևանքով ձևավորված կառույցին հայերը հիշեցնում են՝ «Ֆրանսիան հայերի բարեկամն է», իսկ «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են»:
Բնության ջրցան հորդառատ անձրևի տակ էլ բողոքի ակցիայի ձայները չեն լռում: «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը» կոչերով Ֆրանսիայի փողոցներում հայերը միջազգային հանրությունից պահանջում են չլռել ու գործի անցնել:
Քաղաքակիրթ աշխարհից ահաբեկիչներին վռնդելու կոչերը չեն դադարում: Աշխարհի բոլոր անկյունները, ուր հայեր են, այս օրերին հայկական եռագույններով են լցված: Եվ մինչև Կատալոնիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հարձակումները Արցախի խաղաղ բնակչության դեմ, Իսպանիայի մայրաքաղաքում մեր հայրենակիցներն էլի խաղաղ ցույցերով աշխարհին են դիմում: Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող կոչերով մադրիդյան քայլերթին են միացել նաև աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն ու իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը:
Արա Մալիկյան (ջութակահար) - Այսքան շատ հայ մեկ տեղում՝ դեռ չէի տեսել: Հուզիչ է այստեղ լինելն անգամ ու այսքան հայրենակիցներ, այսքան ուժ և սեր տեսնելՀայրենիքի հանդեպ: Տեսնում եմ հիմա մեր ուժն ու գիտակցումը, որ հաղթելու ենք:
Իսկ աշխարհը գրաված «Թղթե տունը» իսպանական հեռուստասերիալից հայտնի հայ դերասանն ասում է՝ Իսպանիայում է մեծացել, հայրը հայ է, մայրն իսպանացի է, և ինքն էլ է Ցեղասպանության ժառանգների իրավահաջորդ:
Հովիկ Կեուչկերյան (դերասան) - Հայրս պատմում էր, որ Բեյրութում պատերազմն սկսվելուն պես մենք փախել ենք այնտեղից: 100 տարի է անցել ցեղասպանությունից, մենք այլևս թույլ չենք տա, որ Էրդողանի և Ալիևի կողմից նոր ցեղասպանություն սկսելու հստակ փորձը կրկնվի:
Ցույցերը շարունակվում են նաև Թուրքիային զենք վաճառող Իսրայելում: «Իսրայե՛լ, արթնացի՛ր, վաղն այդ զենքերը քո դուռը կարող են թակել»՝ այս կոչերով Երուսաղեմի հայերը բողոքի ցույցի են դուրս եկել Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց: Հայերը պահանջում են նաև անկախ ճանաչել Արցախի Հանրապետությունը և դադարեցնել Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը:
Իսկ Իսրայել-Ադրբեջան շարունակական ռազմամթերքի վաճառքից դժգոհ Ամերիկայի արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը Լոս Անջելեսում հանդիպել է Միացյալ Նահանգներում Իսրայելի գլխավոր հյուպատոսի հետ:
Նորա Հովսեփյան (Հայ դատի հանձնախմբի Արևմտյան Ամերիկայի ատենապետ) - Այս հանդիպումը հնարավորություն է փոխանցելու մեր համայնքի մտահոգություններն անմիջականորեն Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը և բացատրելու, թե ինչո՛ւ Իսրայելը, որը, ինչպես Հայաստանը, լավատեղյակ է ցեղասպանության սարսափներին և ցեղասպան դիկտատորների հետ դաշնակցելու վտանգներին, պետք է անմիջապես դադարեցնի այս ռազմական աջակցությունն Ադրբեջանին։
Այնինչ Հիլլել Նյումանը վստահեցնում է, թե Իսրայելը չի միացել երկրներից մեկին՝ ընդդեմ մյուսի:
Հիլլել Նյուման (Լոս Անջելեսում Իսրայելի գլխավոր հյուպատոս) - Մենք քննարկել ենք զգայուն իրավիճակ։ Իսրայելը կարեկցանք է արտահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի ընթացքում մահացած անմեղ զոհերի համար։ Ես ցանկանում եմ շեշտել, որ Իսրայելը հարգում է հակամարտության երկու կողմին՝ Ադրբեջանին և Հայաստանին, որպես դաշնակիցների։ Իսրայելը չի միացել երկրներից մեկին՝ ընդդեմ մյուսի։ Իսրայելը կոչ է անում խաղաղ կարգավորման։ Հավանաբար Իսրայելը, իբրև երկու կողմի հետ ընկերական հարաբերություն ունեցող երկիր, կարողանա աջակցել ապագայում խաղաղության հաստատմանը։ Մենք հավատում ենք, որ խաղաղության հնարավոր է հասնել, և հույս ունենք, որ այն շուտով կհաստատվի։
Խաղաղության ցանկությունը գործով ապացուցելու կոչերը հայերը շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում: