1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի դեպքերի քրոնիկոնը:
Եթե ինչ-որ նեղ տեղամասերում հակառակորդի զորքերը տեսնում են Արաքս գետը, դա դեռ չի նշանակում լիարժեք վերահսկողություն․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ է Արցախ-Իրան սահմանի հատվածում, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը, ասաց․ «Այդ սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ նեղ տեղերում էլ, ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»: Նա նաև նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապ ստեղծել՝ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում ու ստեղծում են ինչ-որ անկանոն իրավիճակ։ «Խնդրում եմ՝ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն, չտրվել խուճապի, լինել կազմակերպված»,- ասաց Հովհաննիսյանը։
Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն
տեսանյութ
Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ․ հակառակորդն ունի զգալի կորուստներ. Հովհաննիսյան
Այսօր ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը ողջ արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով։ Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային ուղղությունը, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Այդ մասին ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, և այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և հանգուցային ճանապարհային կետեր, այս պահին էլ շարունակվում են։
«Հարավում՝ տարբեր կետերում, օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում՝ նաև զրահատեխնիկայի։ Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, միջոցների կիրառմամբ՝ նվազագույն հետևակի կիրառությամբ: Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ՝ մասնավորապես դասական մարտավարական օդուժ։ Ինչպես ՊԲ-ն արդեն հայտնել է, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք»,- նշեց Ա.Հովհաննիսյանը։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները․ ԱՀ ՊԲ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները:
ՊԲ-ն ոչնչացրել է թուրքական արտադրության հերթական «Բայրաքթարը»
ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել:
Ռազմական գործողություններն առաջնագծի ամբողջ երկայնքով շարունակվում են. ԱՀ նախագահի խոսնակ
Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ՝ ժամը19։30-ին Ֆեյսբուքում տեղեկացրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Պաշտպանության բանակը ներկայացրել է զոհված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ։
ՊԲ ստորաբաժանումները ոչնչացնում են թշնամու ռազմական ենթակառուցվածքները. տեսանյութ
Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը:
Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հաջողությամբ կանխվել են. ՊՆ խոսնակ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրել է խոսնակը:
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։Առավոտյան թշնամին հրետանի է
կիրառել Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասին տեղեկություններ առայժմ չկան։