Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում, հայտարարել է Human Rights Watch-ը: 2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հետաքննության ընթացքում կազմակերպությունը փաստագրել է չորս դեպք:
Սթիվեն Գուս (Human Rights Watch-ի զենքի բաժնի տնօրեն) - Կասետային զինատեսակի շարունակական օգտագործումը, հատկապես՝ բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը: Կասետային զինամթերքը երբեք ոչ մի պարագայում, որևէ մեկի կողմից չպետք է օգտագործվի, առավել ևս քաղաքներում, հաշվի առնելով խաղաղ բնակչության համար դրա կանխատեսելի վնասը:
Human Rights Watch-ը հետևում է, արդյոք հակամարտող կողմերը հավատարիմ են միջազգային հումանիտար իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինվորականներին ու խաղաղ բնակիչներին, ինչպես նաև ռազմական ու քաղաքացիական օբյեկտները: Բազմիցս դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն անցկացնելու համար, սակայն դեռ թույլտվություն չեն ստացել:
Ստեփանակերտի բնակիչները կազմակերպությանը հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքի ուղղությամբ: