ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության, բնական ռեսուրսների և էկոլոգիայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, ինչպես նաև Հայաստանի մի շարք բնակավայրերի հրթիռակոծմանը:
«Ի՞նչ գնահատական է տալիս միջխորհրդարանական վեհաժողովն այն փաստին, որ անդամ երկրներից մեկը ռազմական ագրեսիա է ձեռնարկում անդամ մեկ այլ երկրի նկատմամբ: Նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջանների՝ Վարդենիսի, Կապանի հրթիռակոծությունը: Զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր:
Կարծում եմ՝ մեր հանձնաժողովը պետք է գնահատական տա այս երևույթին: Ինչպե՞ս կարելի է քննարկել այսպիսի կարևոր նշանակություն ունեցող հարցեր և միաժամանակ առերեսվել այն փաստի հետ, որ անդամ պետություններից մեկը ռմբակոծում է անդամ մեկ այլ երկրի տարածքը՝ օգտագործելով թուրքական արտադրության զենք, իսրայելական ԱԹՍ-եր, միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր:
Կարծում եմ՝ պետք է հստակ քաղաքական և իրավական գնահատական տալ այս աղետալի երևույթին, որի նպատակը Արցախի Հանրապետությունում հայ ազգաբնակչության էթնիկական զտումն է: Սա հայոց ցեղասպանության շարունակությունն է:
Ի՞նչ է ստացվում. 80 միլիոնանոց Թուրքիան և 10 միլիոնանոց Ադրբեջանն անմիջական պատերազմական ագրեսիա են իրականացնում 3 միլիոնանոց Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պատերազմի թատերաբեմ նետելով իրենց ողջ զինվորական արսենալը: Նրանք փորձ են անում իրականացնել կոնկրետ ցեղասպանություն, էթնիկ զտում: Այս պահին հայ ժողովուրդն ու հերոսական բանակը դիմակայում են այդ 80 և 10 միլիոնանոց հրեշների հավաքածուին: Եվ այս պահին պետք է ասենք, որ ինչ էլ նրանք կիրառեն, իրականացնում են պատերազմական հանցագործություն, որը խիստ պատժվելու է: Բայց ես չէի ցանկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, նորից կրկնվի, և առաջադեմ մարդկությունը՝ մտավորականները, գիտնականները, դրան գնահատական տան ընդամենը 100 տարի հետո: Եթե այս վայրկյանին շատ կոնկրետ գտնահատական չտրվի, կնշանակի, որ նրանք էլ են մասնակցում տեղի ունեցող այս հանցագործությանը:
Արցախը վաղեմի հայկական հող է: Այդ են վկայում հայկական եկեղեցիները, հին գերեզմանները: Ադրբեջանը ի հայտ է եկել 1918թ. վերջերին և 1920-ականների սկզբներին: Այդ տարածքներում մինչ այդ չեն եղել ադրբեջանցիներ:
Պետք է պատմություն կարդալ»,- հայտարարել է Մելքումյանը: