Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 ՀՕՊ համակարգերը գործարկվելու են՝ անկախ նրանից՝ Անկարան ընդգրկվա՞ծ է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգում, թե՞ ոչ:
«S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր հրամանատարական կառավարման ենթակառուցվածքների մեջ։ Անկախ ամեն ինչից՝ դրանք գործարկվելու են»,- ասել է թուրք նախարարը պետական ТRТ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Նա պնդել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն ամենևին չի նշանակում, որ Թուրքիան առանձնանում է ՆԱՏՕ-ից։ Ըստ Աքարի՝ Անկարան դեռևս պատրաստ է դիտարկել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը գնելու տարբերակը, եթե Վաշինգտոնն Անկարային առաջարկի հարմար տարբերակ։
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019 թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։