Արցախյան ճակատում պատերազմը շարունակվում է: Թշնամին, թուրք զինվորականների հրամանատարությամբ, վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, տարբեր ուղղություներով հրետանային կրակով, դիվերսիոն գործողություններով փորձում է հաջողությունների հասնել, բայց ապարդյուն:
Ադրբեջանը երևի մոռացել է երեք տասնամյակ առաջվա ապտակը: Այսօր Արցախի հողում 90-ականների պատերազմում հաղթած պապերի հերոս որդիներն ու թոռներն են կռվում, թարմացնում թշնամու մթագնած հիշողությունը:
Հայկական զինված ուժերը այս օրերին դիպուկ կրակով ու հմտությամբ ռազմի տարբեր ճակատներում վերացնում, շարքից հանում է թշնամու զինտեխնիկան, պատճառում մեծաթիվ կորուստներ, որոնց մասին, սակայն, հարևան երկրում լսում, տեսնում են միայն հայկական աղբյուրներից: Ադրբեջանը շարունակում է լռել, թաքցնել իր կորուստները:
Եվ այսպես, Հայոց բանակի ռազմի պատմության հերոսական էջերը լրացնում, թարմացնում են նոր հերոսները: Հրետանային հմուտ և կազմակերպված գործողությունների, թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառելու, առաջխաղացումը կասեցնելու համար փոխգնդապետ Արայիկ Ավագիմյանը ներկայացվել է պետական բարձր պարգևի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
Խիզախության, հերոսության, Հայրենիքը պաշտպանելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով կպարգևատրվեն նաև Հայոց բանակի ավագ լեյտենանտ Լևոն Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար, լեյտենանտ Տիգրան Կարապետյանը, սերժանտներ Գարիկ Համամյանը, Հայկ Ամիրջանյանը, Արմեն Ավետիսյանը, շարքային Էդուարդ Սարգսյանը, թշնամական երկուական տանկ խոցելու համար:
Հայոց բանակի սկսած հաղթական ուղին, հերոսական դրվագները շարունակում է նոր սերունդը՝ նույն վճռականությամբ ու հաղթանակի հանդեպ հավատով: