Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ապրող աղջկա ողբերգական ու սրտառուչ պատմությունն ընդգրկվել է Ասիայի ամենաներկայացուցչական ու նրբաճաշակ կինոփառատոնի՝ Բուսանի հիմնական մրցութային՝ «Նոր հոսանքներ» ծրագրում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Չնչիկ» ֆիլմի պատմությունը ռեկորդային է հայկական կինոյի համար. սցենարական զարգացումից մինչև ավարտ ֆիլմի ստեղծումը տևեց 17 տարի:
«Չնչիկ» ֆիլմի այս դրվագը, որում չարացած և իր բնազդների գերին դարձած խաժամուժը կգնա անսովոր պահվածքով ու անօգնական աղջնակի՝ Չնչիկի հետևից, նկարահանվեց ճիշտ 10 տարի առաջ: Այն ժամանակ ֆիլմի ստեղծագործական թիմը նախատեսում էր մի քանի ամսից սկսել հետարտադրական փուլը, սակայն ամենևին այդպես չեղավ:
Չնչիկի պատմությանը Արամ Շաբազյանը ծանոթացավ մամուլից: Այն շատ արագ վերածվեց սցենարի, որը 2003-ին ներկայացվեց Հարավային Կովկասի համար անցկացվող շվեյցարական «Ավանտի» զարգացման ծրագրին, որի մենթորներն էին հռչակավոր Քշիշտոֆ Զանուսին և Դագմար Բենկեն: Հայկական նախագիծը գրավեց բոլորին, և հենց այստեղ «Չնչիկը» գտավ առաջին համարտադրողին՝ Մարտին Հագեմանին: 600 հազար եվրո բյուջեով նախագիծը ֆինանսների հայթայթման դժվար ճանապարհ պիտի անցներ:
Լիլի Էլբակյանը, որ խաղում է ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Չնչիկին, այս ֆիլմն իր կյանքում շրջադարձային է համարում, ասում է՝ մի ամբողջ կյանք է ապրել Չնչիկի և կինոնախագծի հետ: Ըստ էության, ֆիլմի բուն նկարահանման ընթացքը տևել է 2008-ի հոկտեմբերից մինչև 2009-ի դեկտեմբեր, մնացած ամբողջ ժամանակը խլել է գումարների տենդագին փնտրտուքը: Ստեղծագործական կազմի համար այս ընթացքը հավելյալ խնդիրներ էր առաջացնում:
2018-ին Ազգային կինոկենտրոնի ձևավորված հանձնաժողովը ֆիլմին 16 մլն դրամ հատկացրեց, որով ավարտին հասցվեց հետարտադրական փուլը: Պրոդյուսերն ընդգծում է՝ չնայած բոլոր դժվարություններին, նախագիծն այդպես էլ չգերազանցեց նախնական բյուջեն:
«Չնչիկի» համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Բուսանի փառատոնում՝ հենց փառատոնի կազմկոմիտեի պահանջով: Մինչև պատերազմի սկիզբը նախատեսված էր, որ արդեն նոյեմբերի սկզբից ֆիլմը կհայտնվի երևանյան կինոթատրոների էկրանին. Հայաստանում այս ֆիլմին 17 տարի են սպասել: