ԱԹՍ-ից արագ են շարժվում՝ կատակում են Վարդենիսի դաշտերում կարտոֆիլ հավաքողները: Մոտ տասն օր առաջ այս կողմերում երեխա վիրավորած ադրբեջանական դրոնը մարդկանց միայն մի քանի օր տներում պահեց: Հիմա մոտ 200 մեծ ու փոքր բերքահավաքի են՝ մարտական տրամադրությամբ:
Ցորեն, գարի, նաև կաղամբ են մշակում եղբոր հետ՝ ասում է խաչաղբյուրցի ֆերմերը: Կարտոֆիլի ցանքը մեկ շաբաթ է, ինչ սկսել են քանդել: Վաճառքի գինն ամեն տարվա համեմատ, ցածր է:
Տոնո Խաչատրյան (Խաչաղբյուրցի ֆերմեր) - Մի քանի օր առաջ դուրս եմ կարտոշկա ուղարկել՝ մի քիչ ցածր ա, բայց տարվա համար նորմալ է:
Միայն մի պահ են աշխատուժի դեֆիցիտ ունեցել: Օգնող ձեռքերն այժմ այնքան շատ են՝ գյուղմթերքը պարկերն են լցնում հողի վրա, տեղում սորտավորելուց հետո:
Սահմանն իրենց ամուսինները, եղբայրներն ու հայրերն են պահում. դիրքերն ամուր են՝ վստահ են պարկերը կարտոֆիլով լցնող կանայք: Բրիգադի սակավաթիվ տղամարդկանց թողել են բերքը կշռել-բարձելու ծանր գործը: Խնդիր չէ նաև տրակտորը. սեզոնի լարվածությունից անկախ՝ կոնկրետ Մեծ Մասրիկ գյուղում տեխնիկայի պակաս չունեն:
Արմեն Ասատրյան (Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար) - Իհարկե բավարար է: Քիչ չէ՝ մոտ 400 հա կարտոֆիլ կա գյուղում:
Աշնան մեղմ արևի տակ հարևանները պարկեր են լցնում, բայց միևնույն է, բերքը ոչ մեկին սրտանց չի ուրախացնում:
Տոնո Խաչատրյան - Տխուր ենք, բերք-բարիքը լավ ա, իմ ծանոթներից էլ են զոհվել, խոստացել ենք՝ քանդելուց հետո իմ կողմից էլ ուղարկենք բանակին:
Բոլորով պետք է իրար պահենք՝ ասում են գեղարքունիքցիները: Կրակոցների վտանգից անկախ՝ դաշտի ավանդույթը չեն խախտել. կարտոֆիլի փուռը թեժ է: Առաջին բաժակը սահման պահողների համար են բարձրացնելու: